Ոստիկանությունը հետաքննում է Կապիտոլիումի մոտ գտնվող Կոնգրեսի գրադարանի մոտ պիկապ բեռնատարում հնարավոր պայթուցիկ սարքի առկայության մասին հաղորդագրությունը եւ մարդկանց տարհանել շինության հարակից տարածքից, հայտնել են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ: Այս մասին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին:
ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանությունը հայտարարել է, որ սպաները «արձագանքել են Կոնգրեսի գրադարանից դուրս կասկածելի մեքենայի հայտնվելուն»: Այս շինությունը գտնվում է Կապիտոլիումի եւ Գերագույն դատարանի հարեւանությամբ: Ոստիկանները տարհանել են նաեւ մոտակայքում գտնվող Կոնգրեսի աշխատակիցներին՝ հորդորելով հանգստություն պահպանել եւ անհրաժեշտության դեպքում օգտագործել ստորգետնյա թունելները՝ տարածքից տարհանվելու համար:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ դեպքի վայրում քննիչները աշխատում են պարզելու համար՝ սարքը պայթուցի՞կ է եւ արդյո՞ք բեռնատարի մեջ պայթուցիչ կա:
Տարածքը շրջափակված է ոստիկանական մեքենաներով:
Հունվարին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից կարճ ժամանակ առաջ, Վաշինգտոնի կենտրոնում՝ Գերագույն դատարանի շենքում, հայտարարվել է ռումբի տեղադրման սպառնալիքի մասին: Այդ ժամանակ տարհանում չի իրականացվել:





























