Պոմպեյում հնագետները գերեզման են հայտնաբերել՝ լավ պահպանված կմախքով: Դրա վրայի մակագրությունը վկայում է այն մասին, որ գերեզմանում թաղված է լեգենդար ստրուկ, ով կարողացել է դառնալ քաղաքի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Գտածոն հիանալի նյութ է տրամադրել մ.թ. 79 թվականին հրաբխի ժայթքումից ավերված հին քաղաքի կյանքը ուսումնասիրելու համար, հայտնել է National Geographic-ը:
Գտածոն ստացվել է Պորտա Սարնոյի գերեզմանատանը հնագետների կողմից կատարված վերջին պեղումների շրջանակներում: Պեղումները նախաձեռնել են Պոմպեյի հնագիտական պարկը եւ Վալենսիայի եվրոպական համալսարանը:
Պահպանվել են կմախքի ոչ միայն ոսկորները, մազերն ու ականջի մնացորդները, այլ նույնիսկ հյուսվածքի մասնիկներ: Տղամարդը հուղարկավորվել է Պորտա Սարնո գերեզմանատանը՝ մի տարածքում, որը դեռ բաց չէ զբոսաշրջիկների համար: Նրա դամբարանը՝ 1.6 x 2.4 մետր չափսերով, գտնվում է գերեզմանատան գլխավոր առաջնային հատվածում, որի այլ մասերում կան Պոմպեյի երկու այլ բնակիչների աճյուններ:
Գերեզմանի արձանագրությունից դատելով՝ հանգուցյալը ազատված ստրուկ է եղել՝ Մարկ Վեներիուս Սեկունդիո անունով: Կենդանության օրոք նա օգնել է Պոմպեյում հունարենով ներկայացումներ կազմակերպել: Փորձագետների կարծիքով՝ սա առաջին ապացույցն է, որ այստեղ լատիներենի հետ մեկտեղ օգտագործվել է հունարենը:
Գիտնականները ենթադրում են, որ մարդը, ազատվելով, դարձել է հոգեւորական եւ հաջողվել է գործունեության այս ոլորտում. հաշվի առնելով նրա շիրիմի «մոնումենտալ» չափը, նա «հաստատ հասել է հարստության զգալի մակարդակի»՝ թեեւ չի դարձել «գերհարուստ»: Իսկ ստրուկի կարգավիճակում նա Վեներայի տաճարի պահակն է եղել:





























