Հայիթցիները, ովքեր հուսահատ կերպով սննդի կարիք ունեն ուժգին երկրաշարժից մոտ մեկ շաբաթ անց, կողոպտել են հումանիտար ավտոշարասյունը եւ սկսել կռվել նվիրատվությունների համար, հաղորդում է Reuters-ը:

Վնասված կամ անանցանելի ավտոճանապարհները խոչընդոտում են օգնության առաքմանը Կարիբյան հարավային հեռավոր շրջաններ, որոնք ամենից շատ են տուժել անցած շաբաթ օրը 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից:

Օգնության տրամադրման կազմակերպությունը հայտնել է, որ իր չորս բեռնատարները հարձակման են ենթարկվել եւ թալանվել տեղի բնակիչների կողմից, երբ ավտոմեքենաները սնունդ եւ ջուր էին հասցնում երկրի հարավում գտնվող գյուղական համայնքներին:

Ո՛չ վարորդները, ո՛չ բեռնատարները չեն տուժել, նշել է բարեգործական կազմակերպությունը, եւ ևս հինգ բեռնատար կարողացել է ապահով հասնել իր նպատակակետին:

Անցած շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ավերվել են տասնյակ հազարավոր տներ, զոհվել է 2.189 մարդ: Իշխանությունների տվյալներով` անհետ կորել է մոտ 332 մարդ, վիրավորվել` 12.200 մարդ:

Այս շաբաթ տեղի ունեցած սաստիկ փոթորիկը, որն սողանքներ էր առաջացրել, ավելի է դժվարացրել զոհերի որոնման աշխատանքները: