Երեք անդամից բաղկացած ընտանիքը, որոնց դիերը հայտնաբերվել են Կալիֆոռնիայում, կարող էր զոհվել թունավոր ջրիմուռների պատճառով:
Բրիտանացի Ջոն Հերիշի, նրա տիկին Էլեն Չանգի եւ նրանց մեկամյա դուստր Միջուի դիերը հայտնաբերվել են Սյերայի Ազգային անտառում երեքշաբթի:
Պաշտոնական անձանց խոսքով՝ մոտակա ջրամբարներում թեստավորվում են թունավոր ջրիմուռների ծաղկումը: Անցկացվել են պաթոլոգա-անատոմիական հետազոտություններ մահվան պատճառը հայտնաբերելու նպատակով: Ընտանիքի շունը նույնպես սատկած է հայտնաբերվել դեպքի վայրում անտառում, որը քայլարշավների համար սիրված վայր է:
«Մենք չգիտենք պատճառները... մենք չենք հանգստանա, քանի դեռ չենք պարզել դրանք»,-ասել է շրջանի շերիֆը Fresno Bee թերթի թղթակցին:
Հետաքննիչները կասկածում էին, որ մահը կարող էր կապված լինել լքված ոսկու հանքերից գազի արտահոսքի հետ, սակայն շերիֆը կարծես բացառել է այդ հավանականությունը:
«Կարծում եմ, որ ջրիմուռների ծաղկումը կապված է վերջերս գրանցված երաշտի հետ, սակայն ես չգիտեմ դրանց թունավորության մասին»,-ասել է շերիֆը:
ԱՄՆ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության տվյալներով՝ ջրիմուռների ծաղկումը կարող է արտադրել չափազանց վտանգավոր տոքսիններ, որոնք կարող են մարդկանց եւ կենդանիների շրջանում հիվանդության կամ մահվան պատճառ դառնան»:
Անցած ամիս ԱՄՆ-ի Անտառային ծառայությունը ֆեյսբուքյան էջում տեղադրել է նախազգուշացում Սյերայի Ազգային անտառում պոտենցիալ թունավոր ջրիմուռների մասին:





























