Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ակումբում տեղի ունեցավ վիճակահանություն, որին որոշվեց 2021 թվականի Միջազգային բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» մրցույթի միջազգային փուլին թիմերի ելույթների հաջորդականությունը: Այս մասին հայտնում է Միջազգային բանակային խաղերի մամուլի կենտրոնը:

Վիճակահանության համաձայն` մրցույթի առաջին` «Կավալեր» փուլում գրական-գեղարվեստական ​​եւ պարային պատրաստվածության առաջադրանքը կսկսի կատարել Հայաստանի պաշտպանության նախարարության թիմը: Դրանից հետո իրենց ելույթը կշարունակեն մասնակիցները Բելառուսի Հանրապետությունից: Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության թիմերն առաջադրանքները կկատարեն համապատասխանաբար երրորդը եւ չորրորդը: Հունաստանի հավաքականը կավարտի առաջին մրցութային օրվա ծրագիրը: Մրցույթի հաջորդ փուլերը կանցկացվեն թիմերի կողմից նույն հերթականությամբ:

Զինվորական անձնակազմի մասնագիտական ​​հմտությունների մրցույթին մասնակցում են 6 երկրների թիմեր՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Հունաստան, եւ առաջին անգամ մասնակցում է Կատարի հավաքականը: Յուրաքանչյուր թիմ ներկայացված է 4 զինծառայողով, այդ թվում` մեկ աղջիկ:

Մրցութային ծրագիրը կանցկացվի 8 օր: Մրցույթի ընթացքում մասնակիցներն «Էրուդիտ» կոչվող փուլում կբացահայտեն ռազմական պատմության եւ միջազգային հումանիտար իրավունքի իմացությամբ լավագույններին: Ուժի, արագության, տոկունության, ճշգրտության եւ կողմնորոշման հմտություններով  կմրցեն «Մարզիկ», «Դիպուկահար» եւ «Պրոֆեսիոնալ» փուլերում: Ամենաստեղծարարներին կպարզեն «Կավալեր» գրական-գեղարվեստական ​​եւ պարային փուլում:

Բացի այդ, մշակութաժամանցային միջոցառումների ընթացքում բոլոր պատվիրակությունների համար կկազմակերպվեն մշակութային ծրագրեր եւ այցելություններ Հայաստանի պատմական տեսարժան վայրեր:

Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա մրցույթի բոլոր փուլերի արդյունքներով հաղթողների պարգեւատրման արարողությունը: