Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան լրացուցիչ ժամանակ չեն ունենա տարհանման համար, այլապես կարող են հետեւանքներ լինել: Այս մասին հայտարարել է թալիբների շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սա կարմիր գիծ է: Նախագահ Բայդենը հայտարարել է, որ օգոստոսի 31-ին նրանք դուրս են բերելու բոլոր ռազմական ուժերը: Հետեւաբար, եթե նրանք երկարացնեն (ներկայությունը), կնշանակի, որ ընդլայնում են օկուպացիան` չնայած դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է Շահինը Sky News-ին տված հարցազրույցում:
«Եթե ԱՄՆ-ն կամ Մեծ Բրիտանիան ավելի շատ ժամանակ խնդրեն տարհանումը շարունակելու համար, պատասխանը բացասական կլինի: Հակառակ դեպքում հետեւանքներ կլինեն»,- ասել է նա:
«Դա անվստահություն կառաջացնի մեր միջեւ: Եթե նրանք մտադիր են շարունակել օկուպացիան, դա արձագանքի կհանգեցնի»,- հավելել է Շահինը:
Իրավիճակն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթների ընթացքում, երբ «Թալիբան» շարժման գրոհայիններն արագ հարձակում սկսեցին ամբողջ երկրում եւ գրավեցին սահմանային բոլոր անցակետերը, իսկ օգոստոսի 15-ին մտան Քաբուլ եւ վերահսկողություն հաստատեցին նախագահական պալատի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքեց երկիրը` «արյունահեղությունը կանխելու համար»: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարեց, որ պատերազմն Աֆղանստանում ավարտվել է, եւ պետությունում կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ապագայում:




























