Վերջին 6 ամիսների արտամարմնային բեղմնավորման  են ուղեգրվել  Արցախի Հանրապետության քաղաքացի 35 զույգ, որից 21-ին արդեն  կատարվել է բեղմնավորում, 10-ի մոտ ստացվել է հղիություն։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարությունը։

«ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակներում շարունակում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Բարելավվում է անպտղության պատճառագիտության  հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները:

ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար պայմանով բուժօգնության հետ կապված ծավալները և շահառուներին  ներկայացվող պահանջները:  Ըստ որի՝ վերարտադրողականության  օժանդակ տեխնոլոգիաներից  օգտվելու իրավունք ունեն 2 տարի  և ավելի  անպտղություն ունեցող (բացարձակ  ցուցումների դեպքում առանց  2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող  զույգերը՝

1.ամուսինները կամ ամուսիներից մեկը հանդիսանում է ԱՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2.ամուսիններից մեկը՝ կինը պատկանում  է  20-42  (ներառյալ) տարիքային խմբին.

ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորում իրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները. հաշվի առնելով դրանց փորձը և գործունեությունը: Վերոնշյալ ծրագրից  օգտվելու  համար շահառուն  պետք է դիմի ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:

Վերջին 6 ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման  են ուղեգրվել  35  զույգ, որից 21-ին արդեն  կատարվել է բեղմնավորում, 10-ի մոտ ստացվել է հղիություն : Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) ևս 34 զույգ պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման:

7 ամիսների ընթացքում Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի կաբինետն ունեցել է 4887 այց»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։