«Ֆուտբոլային դիվանագիտության» փուլն ավարտված է, եւ այժմ Հայաստանն ու Թուրքիան թեւակոխել են հարաբերությունների հաստատման նոր փուլ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հանրապետական խմբակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, շնորհիվ նախագահ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության, Հայաստանը դարձել է տարածաշրջանային խաղաղության նախաձեռնող, եւ դա շատ է գնահատվում գերտերությունների եւ ԵՄ-ի կողմից։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ կարեւոր էին Սերժ Սարգսյանի՝ միջազգային հանրությանն ուղղված ուղերձները։ Առաջինը, նախագահը պարզ հասկացրել է, որ Հայաստանն ու Սփյուռքը չեն կարող բաժանված լինել, երկրորդ, որ հայկական կողմը ղարաբաղյան հարցում չի գնա միակողմանի զիջումների եւ որ տարածքային զիջումների մասին հայկական կողմում քննարկումներ ընդհանրապես չկան։ Եվ երրորդ, նախագահը պարզ հասկացրել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չի կարող շահարկումների առարկա դառնալ կամ կասկածի տակ դրվել»,- հայտարարել է Շարմազանովը։ Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները, քանի որ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող ՀՀԿ-ն խորհրդարանական մեծամասնություն են կազմում։ Նրա խոսքով, Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացմանը կհետեւի նաեւ Հայաստանի ԱԺ-ի վավերացումը։
Պատասխանելով այն հարցին, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ճեղքվածք չի՞ առաջացնի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, Շարմազանովը մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքերը. «Կարելի է նեղանալ իշխանություններից, բայց նրանք, ովքեր նեղանում են Հայրենիքից, մտքով թույլ են»։ Այնպես որ, Հայրենիքից չի կարելի նեղանալ, Հայրենիքին պետք է օգնել։ «Սփյուռքը չի կարող երես թեքել Հայաստանից։ Որոշ քաղաքական ուժերի եւ առանձին գործիչների հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հայկական ուժերը մտել են Ստամբուլ, եւ Թուրքիային այժմ անձնատուր լինելու վերջնագիր է ներկայացվել»,- հայտարարել է հանրապետական գործիչը։
Խոսելով Թուրքիայի պաշտոնատար անձանց՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հարցի կարգավորումն իրար շաղկապելու հայտարարությունների մասին՝ նա ընդգծել է, որ այդ հայտարարություններն ուղղված են ադրբեջանական լսարանին։ «Վերջիվերջո, գլխավորն այն չէ, ինչ խոսում են թուրքերը, այլ այն, ինչ շատ անգամ ընդգծել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ղարաբաղի կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան այժմյան կարգավիճակը, իսկ Ղարաբաղը ներկայումս դե-ֆակտո անկախ հանրապետություն է»,- եզրափակել է Շարմազանովը՝ ավելացնելով, որ գլխավորն այն չէ, ինչ խոսում են թուրքերը, այլ այն, ինչ ամրագրված է հայ-թուրքական արձանագրություններում։




























