«Մեծ յոթնյակի» երկրները «Թալիբան» շարժման հետ համաձայնեցրել են գործողությունների ծրագիրը՝ պայմանով, որ զինյալները պետք է թույլ տան անվտանգ լքել երկիրը լքել ցանկացող աֆղանստանցիներին, նույնիսկ օգոստոսի 31-ի վերջնաժամկետից հետո: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, փոխանցել է Reuters-ը:
«Մենք համաձայնեցրել ենք ճանապարհային քարտեզը, ըստ որի փոխգործակցելու ենք «Թալիբան»-ի հետ», - հայտարարել է Ջոնսոնը G7-ի առաջնորդների վիրտուալ հանդիպումից հետո:
«Թիվ մեկ պայմանը, որը մենք դրել ենք որպես G7, այն է, որ նրանք պետք է երաշխավորեն անվտանգ անցում նրանց համար, ովքեր ցանկանում են լքել երկիրը մինչեւ օգոստոսի 31-ը եւ դրանից հետո: Նրանցից ոմանք կասեն, որ դա չեն ընդունում, ոմանք, հուսով եմ, կհասկանան դրա իմաստը, քանի որ G7-ը տնտեսական, դիվանագիտական եւ քաղաքական զգալի լծակներ ունի»:
«Մենք ասում ենք, որ Աֆղանստանը չի կարող կրկին վերածվել ահաբեկչության օջախի, Աֆղանստանը չի կարող դառնալ նարկոպետություն, աղջիկները պետք է կրթություն ստանան», - ասել է նա:
Ջոնսոնը շրջանցել է այն հարցը, թե արդյո՞ք G7-ի այլ առաջնորդներ հիասթափված են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից՝ վերջինիս կողմից ճգնաժամի «կարգավորման» եւ Աֆղանստանում ամերիկյան զորքերի գտնվելու ժամկետի երկարաձգման մերժման պատճառով:
«Մենք վստահ ենք, որ կարող ենք դուրս բերել հազարավոր մարդիկ: Սակայն օդանավակայանում իրավիճակը չի բարելավվում: Դրանք տանջալից տեսարաններ են նրանց համար, ովքեր փորձում են լքել երկիրը»:





























