Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը, ով իրեն «Թալիբան» շարժման անդամների կողմից երկրում իշխանության զավթումից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել, Աֆղանստանի կառավարության փլուզման մեջ առավել մեղավոր է համարում Միացյալ Նահանգներին: Այս մասին նա պատմել է CNN-News18-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բոլորովին ակնհայտ է, որ թալիբները երբեք ճնշումների չեն ենթարկվել: Նրանք Պակիստանը որպես աջակցության հենակետ են օգտագործել: ԱՄՆ-ն փորձում էր խթանել համագործակցությունը Պակիստանի հետ՝ թալիբներին գնելու համար: Որքան ավելի շատ էինք նրանք վճարում, այնքան ավելի շատ էր դա քաջալերում պակիստանցիներին ավելի շատ ծառայություններ եւ օգնություն տրամադրել թալիբներին»,- ասել է Սալեհը՝ պատասխանելով հարցին, թե ով է, իր կարծիքով, պատասխանատու հանրապետությունում թալիբների կողմից իշխանության զավթման համար:

Նրա կարծիքով՝ երկրորդ պատճառն այն էր, որ Աֆղանստանում խաղաղ կարգավորման շուրջ արմատական ​​պատվիրակությունների եւ Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչների միջեւ բանակցությունները Քաթարի մայրաքաղաք Դոհայում «օրինականացրին թալիբներին, ովքեր չկատարեցին իրենց խոսքը» եւ խաբեցին «ամբողջ միջազգային հանրությանը»: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թալիբանի միջեւ  2020 թվականի փետրվարին Դոհայում կնքված խաղաղության համաձայնագրով թալիբները երաշխավորում էին, որ չեն օգտագործի Աֆղանստանի տարածքն այնպիսի գործողությունների համար, որոնք սպառնալիք կլինեն Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների անվտանգությանը: 

Մյուս պատճառը, ըստ Սալեհի, այն է, որ վերջին երկու տարվա ընթացքում Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ-ի կողմից ուժեղ ճնշման է ենթարկվել: «Նրանք [ԱՄՆ-ն] մեզ շանտաժի ենթարկեցին եւ ասացին, որ կամ դուք կազատեք [թալիբների] գերիներին, կամ մենք կկտրենք ձեր օգնությունը եւ կնվազեցնենք ռազմական համագործակցությունը: Մենք հարցրեցինք՝ արդյո՞ք ամերիկացիները վստահ են, որ այդ մարդիկ չեն հայտնվի առաջնագծում: Միացյալ Նահանգները հերքում էին դա, բայց ի վերջո նրանք բոլորը հայտնվեցին առաջնագծում»,- ասել է Սալեհը: Որպես կառավարության անկման չորրորդ պատճառ Սալեհը նշել է ներկա իրավիճակի վերաբերյալ որոշ պաշտոնյաների անտեղյակությունը՝ շեշտելով, որ «կային բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք հանգեցրին այս ողբերգությանը»: