«Թալիբան»-ը Թուրքիայից տեխնիկական օգնություն է խնդրել օտարերկրյա զորքերի հեռանալուց հետո Քաբուլի օդանավակայանի կառավարման համար, սակայն պնդում է, որ Անկարայի զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերվեն մինչեւ վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ը, Reuters-ին փոխանցել են երկու թուրք պաշտոնյաներ:
Ըստ պաշտոնյայի՝ իսլամիստ թալիբների պայմանական պահանջը Անկարային բարդ որոշման առաջ է կանգնեցրել՝ համաձայնե՞լ արդյոք վտանգավոր աշխատանքին:
Մեծ մասամբ մահմեդական բնակչությամբ Թուրքիան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մի մասն էր եւ դեռ հարյուրավոր զինծառայողներ ունի Քաբուլի օդանավակայանում: Պաշտոնյաները հայտնում են, որ պատրաստ են հնարավորինս շուտ հեռանալ:
Սակայն նախագահ Թայիփ Էրդողանի կառավարությունը ամիսներ շարունակ հայտարարում էր, որ եթե խնդրեն, կարող է պահպանել ներկայությունը օդանավակայանում: Այն բանից հետո, երբ թալիբները վերահսկողություն հաստատեցին երկրի վրա, Թուրքիան տեխնիկական օգնություն, ինչպես նաեւ օդանավակայանային անվտանգության ապահովման հարցում աջակցություն առաջարկեց:
«Թալիբանը տեխնիկական օգնություն է խնդրել Քաբուլի օդանավակայանի կառավարման համար», - ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, սակայն, որ թուրքական բոլոր զորքերի դուրսբերման մասին «Թալիբան»-ի պահանջը կբարդացնի ցանկացած առաջարկվող առաքելություն: «Առանց թուրքական զինված ուժերի, անվտանգության ապահովումը ռիսկային աշխատանք է», - ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ «Թալիբան»-ի հետ բանակցությունները շարունակվում են, մինչդեռ զորքերի դուրսբերման նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:
Անհասկանալի է՝ արդյո՞ք Թուրքիան կհամաձայնվի տեխնիկական օգնություն ցուցաբերել, եթե իր զորքերը դուրս բերվեն:
Մեկ այլ թուրք պաշտոնյա ասել է, որ վերջնական որոշումը կկայացվի մինչեւ օգոստոսի 31-ը, երբ օտարերկրյա զորքերը լքեն երկիրը:
«Թալիբան»-ի ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը երեկ ասել է, որ թալիբները ձգտում են լավ հարաբերություններ հաստատել Անկարայի հետ. «Մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի, թուրքական կառավարության եւ թուրք ժողովրդի հետ: Ինչ վերաբերում է Աֆղանստանում տեղակայված թուրքական ուժերին, ապա մեր երկրում նրանց ներկայության կարիքը չկա, եւ տարհանումն ավարտվելուն պես ինքներս կապահովենք օդանավակայանի անվտանգությունը»,- ասել է Մուջահիդը:
Թուրքիան ՆԱՏՕ-ի առաքելության կազմում պատասխանատվություն է կրում Քաբուլի օդանավակայանի անվտանգության համար եւ վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնակցել է տարհանման աշխատանքներին:
Միացյալ Նահանգները հայտարարում է, որ տարածաշրջանային գործընկերների, ինչպես նաեւ թալիբների հետ համակարգում է իր գործողությունները Քաբուլի օդանավակայանի ապագա շահագործման վերաբերյալ:
«Գործող պետությունը, գործող տնտեսությունը, կառավարությունը, որը հարաբերություններ ունի մնացած աշխարհի հետ, կարիք ունի գործող կոմերցիոն օդանավակայանի»,- երկուշաբթի օրն ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը: «Մենք բանակցություններ ենք վարում թալիբների հետ այս հարցի շուրջ: Նրանք մեզ հստակ ասել են, որ ցանկանում են գործող կոմերցիոն օդանավակայան ունենալ»:





























