Մոտ 1500 ամերիկացիներ սպասում են Աֆղանստանից տարհանմանը, եւ այս թիվը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ տարհանման մի մասը կարող է ավարտվել մինչեւ նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված վերջնաժամկետը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդել է AP-ն:

Պետքարտուղարության գնահատականներով՝ օգոստոսի 14-ին տարհանման սկզբից ի վեր մոտ 6000 ամերիկացի ցանկացել է լքել Աֆղանստանը, նրանցից մոտ 4500-ը արդեն տարհանվել են:

Բլինքենի խոսքով՝ մոտ 500 մարդ արդեն հրահանգներ է ստացել, թե երբ եւ ինչպես հասնել Քաբուլի օդանավակայան՝ թռիչքներին հասցնելու համար:

Բացի այդ, մոտ 1000 մարդու հետ պարբերաբար կապ են հաստատում՝ հստակեցնելու համար՝ արդյո՞ք ցանկանում են հեռանալ: Բլինքենն ասել է, որ նրանցից ոմանք, հնարավոր է, արդեն լքել են երկիրը, ոմանք գուցե ցանկանան մնալ, իսկ ոմանք իրականում կարող են ԱՄՆ քաղաքացի չլինել: