Բրազիլացի պալեոնտոլոգները ուսումնասիրել են մաքսանենգներից առգրավված պտերոզավրի մնացորդները եւ պարզել, որ դրանք ներկայացնում են վաղ կավճի շրջանում՝ մոտ 110 միլիոն տարի առաջ ապրած Tupandactylus navigans-ի առաջին գրեթե ամբողջական կմախքը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով PLOS ONE-ին:
Գտածոն հայտնաբերվել է Բրազիլիայի ամենամեծ նավահանգստում հատուկ գործողության ժամանակ: Հազարավոր կրաքարերի սալեր, որոնք թաքցված են եղել տակառներում եւ բեռնված բեռնատարների վրա, նախատեսվել է մաքսանենգ ճանապարհով դուրս բերել երկրից: Այս քարերը վերցվել են հայտնի Արարիպե ավազանի քարհանքից, եւ դրանք պարունակում են կմախքներ եւ միլիոնավոր տարիներ առաջ ապրած արարածների հստակ հետքեր: Գրեթե 3000 առգրավված նմուշ այնուհետ ոստիկանությունն ուղարկել է Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարան:
Սան Պաուլոյի համալսարանից Վիկտոր Բեկկարիի եւ նրա գործընկերների խոսքով՝ պտերոզավրերի այս տեսակը նախկինում հայտնի էր միայն գանգերով, իսկ այս օրինակում պահպանվել են նույնիսկ փափուկ հյուսվածքների մնացորդներ: «Ես տեսել եմ շատ բացառիկ լավ պահպանված պտերոզավրեր՝ ինչպես Բրազիլիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, բայց պահպանված փափուկ հյուսվածքներով օրինակները շատ հազվադեպ են»,- ասել է գիտնական Ֆաբիանա Ռոդրիգես Կոստան, «Սա նման է վիճակախաղ շահելուն»:
Պտերոզավրի թեւերի բացվածքը տպավորիչ է՝ 2,7 մ: Կմախքի որոշ առանձնահատկություններ ցույց են տալիս, որ կենդանին գրեթե անկասկած կարողացել է թռչել, սակայն երկար պարանոցը, առջեւի թույլ վերջույթները եւ լայնածավալ կատարը ցույց են տալիս, որ այս պտերոզավրը կարող էր միայն կարճ տարածություններ թռչել՝ փախչելով գիշատիչներից: Նա ժամանակի մեծ մասն անցկացրել է գետնին սնունդ փնտրելով, ինչպես հսկա հավ:



























