Հարավային Կորեայի` Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ բանագնաց Նո Գյու Դոկը կայցելի ԱՄՆ` ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման խնդիրը եւ այլ հարցեր քննարկելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ն:

Քառօրյա այցի ընթացքում, որը սկսվում է օգոստոսի 28-ին, Նո Կի Դոկը կհանդիպի Պետդեպարտամենտի, Սպիտակ տան, ինչպես նաև ԿԺԴՀ-ում ԱՄՆ հատուկ բանագնաց Սոնգ Քիմի հետ, ով այս շաբաթ այցելել էր Սեուլ:

«Կողմերն ինտենսիվ խորհրդակցություններ կանցկացնեն Կորեական թերակղզում խաղաղ գործընթացի հնարավորինս շուտ վերսկսմանն ուղղված քայլերի վերաբերյալ»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան քննադատել էր Սեուլի եւ Վաշինգտոնի համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը` նրանց մեղադրելով «Հյուսիս ներխուժմանը նախապատրաստվելու» մեջ: