Վրաց ընդդիմության ներկայացուցիչները վերսկսում են բողոքի գործողությունները, որոնք կմեկնարկեն նոյեմբերի սկզբին։

Գործող վարչակարգի դեմ պայքարելու համար պետք է համակարգվեն քաղաքական կուսակցությունների ու լայն հասարակայնության ներկայացուցիչների գործողությունները։ Այս մասին հոկտեմբերի 15-ին հայտարարել է «Հանուն միասնական Վրաստանի» շարժման գլխավոր քարտուղար Էկա Բեսելիան՝ հավելելով, որ սկսվելու է համաժողովրդական մի շարժում, որը բացառելու է փոխզիջումներն ու Սահակաշվիլու վարչակարգի հետ բանակցությունները։

«Ընդդիմադիր կուսակցությունները խորհրդակցություններ են վարում այդ հարցով, որոնք կավարտվեն մոտ ժամանակներս։ Մենք պայմանավորվել ենք միասնական ռազմավարության շուրջ, որը ենթադրում է բողոքի շարժում սկսել ոչ ուշ, քան նոյեմբերի առաջին օրերին»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բեսելիան,- հաղորդում է «GHN»։

Ըստ նրա, «Հանուն միասնական Վրաստանի» կուսակցությունից բացի՝ շարժման կողմնակիցներ են նաեւ պահպանողականները, Բուրջանաձեի, Սալոմե Զուրաբիշվիլու կուսակցությունները եւ «Ազգային ֆորում»-ը։