Իսրայելի վարչապետի գրասենյակը նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել վերադարձնել թանկարժեք նվերները, որոնք նա ստացել է բարձր պաշտոն զբաղեցնելիս, գրել է AP-ն:

Հաղորդվում է, որ կոչն արվել է, երբ Նեթանյահուն հանգստանում էր Հավայան կղզիներից մեկում, որը պատկանում է միլիարդատեր Լարի Էլիսոնին: Oracle-ի հիմնադիրը Նեթանյահուի ընկերն է եւ նաեւ մեղադրող կողմի վկան է Իսրայելի նախկին առաջնորդի դեմ կոռուպցիոն գործով:

Նեթանյահուն շքեղ ապրելակերպ վարողի համբավ է ձեռք բերել՝ հաճախ հարկատուների հաշվին: Նա կկանգնի դատարանի առջեւ՝ հարուստ գործընկերներից, իբր, թանկարժեք նվերներ ընդունելու համար: Նեթանյահուն հերքել է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ ինքը զրպարտիչ արշավի զոհ է դարձել:

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան, ով խնդրել է անհայտ մնալ, հաստատել է, որ վարչապետի գրասենյակը կապ է հաստատել Նեթանյահուի հետ՝ վարչապետի պաշտոնում ստացած նվերները վերադարձնելու համար: Maariv daily թերթը հայտնել է, որ Նեթանյահուին խնդրել են վերադարձնել 42 իր, այդ թվում՝ նախկին նախագահ Բարաք Օբամայից եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած նվերները:

Օտարերկրյա առաջնորդները միմյանց նվերներ են տալիս պաշտոնական ուղեւորությունների ժամանակ: Սակայն որոշակի արժեքով` մոտ 90 դոլար արժողությամբ նվերները, Իսրայելի սեփականությունն են հանդիսանում: Նեթանյահուն եւ նրա կինը՝ Սառան, չեն վերադարձրել այդ նվերները:

Չվերադարձված նվերների թվում են ոսկե տերեւներով զարդարված  ապակե ուղղանկյուն տուփը, որի վրա կա Օբամայի ստորագրությունը եւ Պուտինից ստացած Աստվածաշնչի առաջին գիրքը: Հաղորդվում է, որ ցանկը ներառում է նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների, Հռոմի պապի եւ տարբեր բարերարների ու դեսպանների նվերներ:

Հայտարարության մեջ Նեթանյահուի ընտանիքը նշել է, որ բոլոր նվերները, որոնք օրենքի համաձայն պետք է վերադարձվեն, արդեն վերադարձվել են, եւ որ նրանք, որոնց մասին խոսվում է, «չեն պատկանում նախկին վարչապետ Նեթանյահուին»: