Իրանը մտահոգություն է հայտնել տիեզերական տարածության հասանելիությունը սահմանափակող միջոցառումների վերաբերյալ, փոխանցել է Mehr-ը:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան Կազեմ Գարիբաբադին նշել է տիեզերքի խաղաղ օգտագործման եւ հետազոտման Իրանի հանձնառությունը եւ ընդգծել, որ երկրների տիեզերական գործունեության ընթացքում պետք է հաշվի առնել որոշ սկզբունքներ, ներառյալ՝ բոլոր երկրների համար տիեզերքի գլոբալ եւ հավասար հասանելիությունը՝ առանց խտրականության ու անկախ գիտական ​​մակարդակից, տեխնիկական, տնտեսական առաջընթացից եւ տիեզերական տարածության ռացիոնալ ու իրավահավասար օգտագործումից: «Արբանյակային խոշոր հավաքածուների տեղակայման հաշվին մերձերկրային ուղեծրի ներկայիս օգտագործումը թույլ չի տալիս զարգացող երկրներին այս ուղեծրային ռեսուրսին հավասար հասանելիություն ունենալ»:

Նա նաեւ մատնանշել է մերձերկրային ուղեծրում արբանյակային ցանցեր տեղակայելու՝ մի քանի մասնավոր ընկերությունների ծրագրերը՝ համացանցի գլոբալ հասանելիության համար եւ հայտարարել. «Տիեզերքում արբանյակների մեծ կուտակումների միջոցով գլոբալ համացանցի տրամադրումը ստեղծում է ինչպես հնարավորություններ, այնպես էլ խնդիրներ: Թեեւ արբանյակները ստեղծում են համացանցի ավելի մեծ, արդյունավետ եւ համապարփակ գլոբալ հասանելիության հնարավորություն, սակայն նաեւ լուրջ խոչընդոտներ են ստեղծում զարգացող երկրների կողմից տիեզերքի օգտագործման ու հետազոտման եւ այս ուղեծրին հասանելիության համար»:

«Արբանյակային արձակման լայնածավալ ծրագրերը շուտով կզբաղեցնեն Հեռահաղորդակցության Միջազգային Միություն կողմից հատկացված բոլոր հաճախականությունները: Նորեկների համար մնացել են ընդամենը մի քանի ուղեծրային կետեր, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում զարգացող երկրների համար եւ, ի վերջո, տանում են մի քանի երկրների եւ մասնավոր ընկերությունների կողմից տիեզերքի մոնոպոլիզացիայի», - նշել է իրանցի ներկայացուցիչը: