Մենք քաղաքացիական օրենսդրությամբ ունենք պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպպանության պաշտպանության լայն եղանակներ, եւ պետությունն այստեղ անելիք չունի, որովհետեւ փոխհարաբերությունները մասնավոր են, ընկալումներն էլ են խիստ սուբյեկտիվ, թե ինչպիսի արտահայտությունից կամ բառից անձը կարող է իր պատիվը ստորացված համարել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան, միջազգային և սահմանադրական իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով, անհասկանալի է, թե ինչու պետք է պետությունն իր հանրային ռեսուրսն օգտագործի մասնավոր օբյեկտները պաշտպանելու համար. «Պետությունը կարող է դերակատարում ստանձնել, եթե գործ ունենք որոշակի գործունեության հետ: Չմոռանանք, որ օրենսդրությունը արդեն իսկ հատուկ սուբյետկների գործունեությունը պաշտպաբնել է վիրավորանքից եւ զրպարտությունից: Օրինակ, դատավորներն իրականացնում են հատուկ գործունեությունը եւ ուժեղացված վերահսկողության կարիք ունեն, նրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը քրեականացված է: Քրեականացված է նաեւ քննիչին, դատախազին զրպարտելը»,-ասաց նա:
Սիրանուշ Սահակյանը հիշեցրեց, որ քրեական օրենսգրքից ժամանակին վերացվել է իշխանության ներկայացուցչին վիրավորելու հոդվածը, այն ապաքրեականացվել է, որովհետեւ այդ հոդվածը սպառնալիք էր ազատ խոսքի նկատմամբ:
«Իշխանությունների կողմից վիրավորանքը և հայհոյանքը քրեականացնելու նպատակը մեկն է՝ քրեաիրավական ոլորտում հայտված անձի իրավունքները էապես սահմանափակել և պետության կողմից նրանց վրա ազդելու լայն լծակներ ունենալ: Քրեականացման միակ նպատակը վախեցնելով ազատ խոսքի դեմ պայքարելն է:
Այս ամեն ինչը լծակներ են, որոնք օգտագործվելու են ազատ մամուլի դեմ: Կան որոշակի ստադարտներ սահմանափակումների վերաբերյալ: Չի կարելի քրեական պատասխանատվության ենթարկել այն արտահայտության համար, որը համապատասխանում է իրականությանը, որքան էլ այն իր մեջ վիրավորանք պարունակի: Կարելի է քրեականացնել միայն այն բառը, որը ենթադրում է իրականության չհամապատասխանող տեղեկություններ տարածելու միջոցով անձին արատավորելը»,- ասաց Սահակյանը:
Նա անդրադարձավ նաեւ ծանր վիրավորանքը քրեականացնելուն՝ նշելով, որ հոդվածում նշված է ծայրահեղ եւ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ինչը իրավական որոշակիության եւ կանխատեսելիության խնդիր է առաջացնում:
Անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների հավատարմագրմանը՝ Սահակյանը ընդգծեց, որ հավատարմագրման նպատակը լրագրողի համար արտոնյալ գործունեության պայմաններ ստեղծելն է. «Հավատարմագրումը չի կարող սահմանափակել լրագրողների գործունեությունը, այլ ճիշտ հակառակը: Թեև ֆորմալ հավատարմագրման գործընթացներ կան, սակայն դրանք չպետք է բովանդակային գնահատում ենթադրեն և պետք է միայն միտված լինեն անձի իդենտիֆիկացիային»:
Սիրանուշ Սահակյանը նշեց, որ իրավաբանական առումով լրագրողական համայնքը պաշտպանված է: «Պետք է ունենալ հետևողականություն, որպեսզի պատշաճ իրավական ընթացակարգերով վիճարկվեն օրենսդրական նորմերը: Միևնույն ժամանակ լրագրողական համայնքը ակտիվ համայքն է և կարող է ակտիվիզմի տարրեր պարունակող այլ միջոցառումներ իրականացնել, որը կիրառվում է միջազգային պրակտիկայում»,- ասաց Սահակյանը:





























