Ստեփանակերտի համար 10 դպրոցում այսօր առաջին դասարան է հաճախել ավելի քան 150 աշակերտ. սա այն կրթօջախն է, որը մայրաքաղաքում ամենից շատն է տուժել արցախյան վերջին պատերազմում և դեռևս լիովին չի թոթափել հրթիռակոծության հետևանքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Չնայած հասցված վերքերին՝ այս դպրոցը նորից իր գիրկն է առնում աշակերտներին՝ ապահովելու արժանապատիվ սերնդափոխությունը սեփական հայրենիքում:

Ո՛չ բեկորների «առատությունը», ո՛չ էլ մարդատյացության չնոսրացող բառապաշարը անկարող են արմատախիլ անելու մեր պայքարելու տենչը, քանի որ հարցը մեր ազգային իրավունքներին, կամքին և արժանապատվությանն է վերաբերում:

Համոզված եմ, որ թեև վերջին պատերազմը ծանր հարված է հասցրել նաև կրթության ոլորտին, այդուհանդերձ, համառ ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի վերաձևել կրթության որակի հանդեպ ունեցած մեր պատկերացումներն ու մոտեցումները:

Մեր վճռականությունն ու կամքը բազմապատկվել են պատերազմից հետո, որպեսզի մենք արժեք ստեղծենք ու փոխանցենք մեր սերունդներին: Դպրոցի կարևորագույն առաքելությունն է սերմանել այն ծառայողական արժեքաբանությունն ու մտածողությունը, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները պետք է ծառայեցվեն Հայրենիքի ու ժողովրդի համար: Սա ծառայություն է Հայրենիքին, դպրոցը ծառայության սկիզբն է ու դպրանոցը»: