Զովունիի նոր թաղամասի 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ եւ մի շարք այլ հարակից փողոցներում հանրային տրանսպորտն առհասարակ բացակայում է: NEWS.am-ի հետ զրույցում թաղամասի բնակչուի Նարինե Ստեփանյանը ահազանգեց, որ խնդիրը բավական երկար ժամանակ գոյություն ունի, եւ արդեն քանի տարի է՝ չեն կարողանում որեւէ լուծում գտնել:
«2010 թ-ից բազմիցս դիմումներ են գրել, բնակիչներով հավաքվել, գնացել ենք թե՛ Զովունիի գյուղապետարան, թե՛ Եղվարդի համայնքապետարան, միայն 2017թ. մի կերպ 74 համարի երթուղին հասցրեցին այստեղ՝ մեր փողոցներից որոշ չափով հեռու: 2018 թ-ին 12 համարի երթուղայի գազելները մինչեւ Ոստիկանության ներքին զորքերի զորամասի մոտ էին հասնում: Վերջին մեկ տարին այս երթուղին չի գործում այստեղ, ամբողջ ժողովուրդը մնացել է տաքսիների հույսին, այն ժամանակ տաքսիի արժեքը մատչելի էր, կարողանում էինք օգտվել, հիմա տաքսիները չեն էլ գալիս այստեղ, գալու դեպքում էլ մինիմալ արժեքը 1000 դրամն է: Զովունիի դպրոցը մեզնից շատ հեռու է, մեզ ավելի ձեռնտու է երեխաներին դպրոց տանել Դավիթաշեն, քան Զովունի: Ամեն տեղ դիմել ենք, ասել են՝ ձեր խնդիրը քննարկվում է, լուծում կտրվի, արդեն 7 ամիս է՝ որեւէ լուծում չկա»,- նշեց բնակչուհին:
Նրա խոսքով՝ պատկան կառույցներին դիմելն ապարդյուն է եղել:
«Դիմում ենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ տրանսպորտի բաժին, ասում են դա մեր խնդիրը չէ, քաղաքապետարան գնացեք, դիմում ենք քաղաքապետարան, ասում են՝ գնացեք ձեր համայնքապետարան, գնում ենք համայնքապետարան, ասում են՝ քաղաքապետարանը պետք է թույլտվություն տա, այնտեղ գնացեք, եւ այսպես շարունակ: Հիմա մենք չգիտենք՝ ինչ անել: Երեխաները Դավիթաշեն են գնում պարապմունքների, ստիպված փորձում ենք ժամերը մի կերպ համադրել, բայց չի ստացվում, աշխատանքի գնալը եւս խնդիր է: Վիրավորական է անգամ՝ ուր գնում ես, ուշանում ես, գործատուի մոտ էլ է խնդիր առաջանում: Օրը մի քանի անգամ ստիպված ենք գնալ, գալ, օրական մոտ 2000 դրամ ճանապարհածախս է լինում»,- նկատեց բնակչուհին:



























