Կատարն աշխատում է «Թալիբան» շարժման հետ՝ Քաբուլի օդանավակայանը հնարավորինս շուտ բացելու համար:
«Մենք շատ ենք աշխատում (եւ) շարունակում ենք հույս ունենալ, որ կկարողանանք որքան հնարավոր է շուտ գործարկել այն»,- ասել է Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին: «Հուսով եմ, որ մոտ օրերս լավ նորություններ կունենանք»,- ասել է նա Դոհայում իր բրիտանացի գործընկեր Դոմինիկ Ռաաբի հետ մամուլի ասուլիսին:
Կատարի տեխնիկական խումբը մեկ օր առաջ մեկնել էր Քաբուլ՝ օդանավակայանի բացումը քննարկելու համար:
Գործին ծանոթ աղբյուրը նշել է, որ նպատակը ինչպես մարդասիրական օգնության, այնպես էլ տեղաշարժի ազատության համար թռիչքների, ինչպես նաեւ տարհանման ջանքերի վերսկսումն է:
«Շատ կարեւոր է, որպեսզի «Թալիբան»-ը ցույց տա իր հանձնառությունն Աֆղանստանի ժողովրդի անվտանգ անցման ու ազատ տեղաշարժի ապահովմանը,- ասել է շեյխ Մուհամեդը:- Կատարն «աշխատում է (թալիբների), ինչպես նաեւ Թուրքիայի հետ՝ տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար»:
Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ «մենք պետք է հարմարվենք թալիբների կառավարման նոր իրականությանը»: «Մեր առաջին առաջնահերթությունն է ապահովել Մեծ Բրիտանիայի մնացած քաղաքացիների, ինչպես նաեւ աֆղանցիների անվտանգ դուրս բերումը, ովքեր աշխատել են Միացյալ Թագավորությունում, եւ այլ անձանց, ովքեր կարող են առավել վտանգված լինել»,- ասել է Ռաաբը:





























