Չինաստանը պետք է ընդլայնի ածխածնի արտանետումները կրճատելու իր ջանքերը` գլոբալ ջերմաստիճանների աճը զսպելու համար: Այս մասին Չինաստանի փոխվարչապետ Հան Չժենի հետ վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին, հայտնում է AP-ն:
Նրա խոսքով՝ աշխարհը «ճանապարհ չունի» լուծելու կլիմայի ճգնաժամն առանց «Չինաստանի լիակատար մասնակցության եւ հանձնառության»։
Չինաստանը ածխածնի արտանետումների աշխարհում ամենամեծ աղբյուրն է, որն արտադրում է ջերմոցային գլոբալ գազերի մոտավորապես 27%-ը, նրան հաջորդում է Միացյալ Նահանգները:
Քերին գտնվում է Չինաստանի արեւելքում՝ Տյանցզին նավահանգստային քաղաքում, որտեղ բանակցություններ են վարում ինտենսիվացնելու ջանքերը `մինչարդյունաբերական մակարդակից մինչեւ 1,5 աստիճան բարձրացող ջերմաստիճանը զսպելու համար:
«Քերին ընդգծել է, որ այս կրիտիկական տասնամյակում աշխարհը լուրջ քայլեր է ձեռնարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ ամրապնդելու է գլոբալ կլիմայական հավակնությունները»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, Հան Չժենը նշել է, որ Չինաստանը «հսկայական ջանքեր» է գործադրել կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար եւ հասել է «ուշագրավ արդյունքների»: Չինաստանը «հույս ունի, որ ամերիկյան կողմը համապատասխան պայմաններ կստեղծի կլիմայի փոփոխության դեմ համատեղ պայքարի համար՝ առաջնորդների միջեւ երկխոսության միջոցով»,- ասել է նա:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարար Վան Ին զգուշացրել էր Քերիին, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների վատթարացումը կարող է խաթարել կլիմայի փոփոխության վերաբերյալ երկու երկրների համագործակցությունը: «Այսպիսի համագործակցությունը չի կարող առանձնացվել ավելի լայն հարաբերություններից»,- տեսակապով ասել է Վան Քերին:





























