ԱՄՆ-ը շուտով կարող է դուրս գալ Իրաքից: Սա կարող է հանգեցնել Իրաքի ներկայիս ռեժիմի տապալմանը եւ այն բանին, որ երկիրը լիովին վերահսկելի կդառնա Իրանի կողմից: Այս մասին հայտարարել է «Մոսադ»-ի նախկին ղեկավար Յոսի Կոհենը:

«Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը պետք է բարձրացնի մեր մտահոգություններն ու մտավախություններն այն իրական վտանգի վերաբերյալ, որը թաքնված է ամերիկյան զորքերի հերթական հնարավոր դուրսբերման մեջ, այս անգամ՝ Իրաքից»,- ասել է Կոհենը: «Իրանը ոչ մի րոպե չվարանեց մեր տարածաշրջանում իր ռազմական դիրքերն ամրապնդելու ցանկության հարցում»:

«Իրանի ներկայությունն Իրաքում հստակ է եւ տագնապալի»,- հավելել է նա,- «եւ հիմնված է երկու հենասյուների՝ ժողովրդական մոբիլիզացիոն ջոկատների եւ Քուդսի ուժերի վրա»:

Կոհենը ենթադրել է, որ Իսրայելը եւ նրա առաջնորդները պետք է ռազմավարություն ձեւակերպեն եւ հստակ նպատակներ դնեն՝ նորացված ազգային քաղաքականության համար: «Մեր պահանջը պետք է լինի կայուն Մերձավոր Արեւելքը, որն իր հնարավորությունների սահմաններում չեզոքացնում է իրանական ներկայությունը ողջ տարածաշրջանում եւ թույլ չի տալիս Իրանին միջուկային պետություն դառնալ»:

Նա նշել է, որ Իսրայելը պետք է օգտվի անցած շաբաթ վարչապետ Նաֆթալի Բենեթի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դրական հանդիպումից, որպեսզի կանգնեցնի Իրանի «Մերձավոր Արեւելքում հեգեմոնիայի եւ միջուկային զենքի տիրապետմանն ուղղված քայլարշավը»: