Անկարայում եգիպտացի եւ թուրք դիվանագետների խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լիբիայից թուրք զինծառայողների եւ օտարերկրյա վարձկանների դուրսբերման հարցերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրին:

Հանդիպումները տեղի են ունեցել սեպտեմբերի 7-8-ը՝ արաբական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Համդի Սանադ Լոզայի եւ նրա թուրք գործընկեր Սեդաթ Օնալի մասնակցությամբ: «Երկրորդ փուլը նպատակ ուներ ուսումնասիրել Անկարայի մտադրությունների լրջությունը եւ ամենամեծ անհամաձայնություն առաջացնող հարցերում բեկում փնտրելու պատրաստակամության աստիճանը»,- ասել է աղբյուրը: «Մեզ ավելի շատ ժամանակ է պետք բանակցությունների արդյունքները գնահատելու եւ վերջնական դիրքորոշումը ձեւակերպելու համար, որի հիման վրա հնարավոր է եղել խոսել Թուրքիայում Եգիպտոսի դեսպանի նշանակման մասին կամ հանդիպում կազմակերպել երկու պետությունների արտգործնախարարների միջեւ»:

«Այժմ գնդակը Թուրքիայի կողմն է, որից մենք ակնկալում ենք վերջնական դիրքորոշում Լիբիայում ընթացող իրադարձությունների վերաբերյալ, ի թիվս այլ բաների, իր զինված ուժերի եւ օտարերկրյա վարձկանների դուրսբերման հարցում»,- ասել է աղբյուրը: «Սա վերաբերում է նաեւ զինված աշխարհազորայինների լուծարմանը եւ Սիրիայի, Իրաքի եւ Միջերկրականի արեւելքի վերաբերյալ Անկարայի դիրքորոշմանը»: