«Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպանը, ով փորձում էր միջնորդի դեր խաղալ ղարաբաղյան հիմնահարցում, ասել է ինձ, որ ԼՂՀ հայերից դժվար է սպասել, որ նրանք կդառնան Ադրբեջանի օրինապաշտ քաղաքացիներ»,- թուրքական Hurriуet-ին ասել է վերլուծաբան Բարչին Իյնանչը։

«Ես չեմ կարծում, որ թուրքական բյուրոկրատիան այլ կարծիք է որդեգրել։ Ադրբեջանի համար որքան էլ դժվար է հասկանալ, բայց ղարաբաղյան հիմնահարցը չի գտնվում միջազգային կառույցների օրակարգում, դա փաստ է, եւ այդ փաստը պետք է ընդունել որպես իրականություն։ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, որ տանում է նրան, թե ԼՂՀ-ն կարելի է ուժով „հետ վերցնել“, լռել է ռուս-վրացական պատերազմից հետո։ Ադրբեջանի մարտական տրամադրվածությունն իր նախադրյալն ունի՝ նավթադոլարները, որոնց շնորհիվ նրա բանակը դարձել է ավելի ուժեղ, քան հայկական զինված ուժերը։ Այդուհանդերձ, գործը արտահայտություններից այն կողմ չանցավ, քանի որ մտավախություն կար, որ տարածաշրջանում իր միակ համախոհին օգնելու համար պատերազմին կխառնվի Ռուսաստանը։ Սակայն Ռուսաստանի միջամտությունը մածամասամբ կբացատրվեր նրանով, որ նա էներգետիկ աշխարհում Ադրբեջանի հակառակորդն է։

Լիովին հավատալի է, որ ադրբեջանական իշխանությունները մոտ հասկանալու, որ Լեռնային Ղարաբաղն անհնար է վերադարձնել ադրբեջանական ինքնիշխանության շրջանակներ։ Որոշակի փուլում միջազգային միջնորդներն օգտագործեցին „անկախություն մինուս“ բանաձեւը, որը նշանակում էր, որ ԼՂՀ-ն կստանա լայն ինքնավարության կարգավիճակ, բայց ոչ անկախություն՝ բառի ողջ իմաստով։ Ադրբեջանը վստահում է Թուրքիային , որ նա „արդար“ որոշում կկայացնի այդ հարցում եւ իրեն ավելի վստահ կզգար, եթե զգար նրա աջակցությունը։ Բայց կասկած չկա, որ Բաքուն կորցրել է Թուրքիայի ներկայիս կառավարության հանդեպ վստահությունը։ Գաղտնիք չէ, որ իշխող „Արդարություն եւ զարգացում“ կուսակցությունը հիացած չէ Կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետություններից։ Նա իրեն ավելի հարմարավետ է զգում արաբական մահմեդական երկրների հետ փոխհարաբերություններում, քան աշխարհիկ թուրքական հանրապետությունների հետ, որոնց շատ անգամ աթեիստ է համարում։ Մի խոսքով, կա մեկը մյուսի հանդեպ անվստահության մղող հակակրանք, որն իր հերթին դժվարացնում է համագործակցությունը ղարաբաղյան հարցում։

Անկարան քայլ է արել հայ-թուրքական հարաբերությունները լավացնելու հարցում։ Բայց նա չի կարող դա անել Ադրբեջանի կորուստների հաշվին։ Ղարաբաղյան հարցը Թուրքիայի համար սկզբունքային նշանակություն չունի, նրա համար ռազմավարական արժեք ունի ադրբեջանական գազը եւ նավթը։ Եւ եթե նախագահ Աբդուլլահ Գյուլը եւ վարչապետ Էրդողանը ուզում են շարունակել Հայաստանի հետ հարաբերություները կարգավորելու քայլերը եւ չեն ուզում կորցնել Ադրբեջանին, ապա պետք է փոխադարձ վստահության ճանապարհներ գտնեն։

Դրա համար, սակայն, չարժե, որ նրանք տանջեն իրենց՝ Բաքու այցելելով, քանի որ նրանց խոսքերը ոչ մի դրական բանի չեն հանգեցնում։ Այն ամենը, ինչ պահանջվում է՝ Բաքու ուղարկել երկրի նախկին վարչապետ Սուլեյման Դեմիրելին կամ խորհրդարանի նախկին խոսնակ Հիքմեթ Չեթինին։ Այդ երկրում նրանք մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունեն։ Այդ դեպքում Հայաստանի հետ հարաբերություննների կարգավորման գործընթացը կանցնի ավելի անցավ եւ առանց ավելորդ կասկածների։ Իսկ դա ադրբեջանցի առաջնորդներին կստիպի ավելի շատախոս լինել ղարաբաղյան հարցում։ Այսպիսով, հարաբերությունների լավացման կարգավորման գործում մենք երկու վեկտոր կունենանք՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական։ Ընդ որում երկու գործընթացները դրականորեն կազդեն միմյանց վրա»: