«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը բողոքի գործողություն է անցկացնելու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ՝ մայիսի 24-ին, ժամը 15։30-ին:

Հիշեցնենք, որ դատարանը պետք է հրապարակի Նուբարաշենի թիվ 11 դպրոցի սաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ մեղադրվող ուսուցչի՝ Լեւոն Ավագյանի դատավճիռը: Մեղադրող կողմն առաջարկել է տարիներ շարունակ դպրոցահասակ եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաներին պղծելու համար հանցագործին դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման:

«Անպատժելիությունը բերում է նորանոր հանցանքների… Մեղադրող դատախազը այս հանցավոր արարքի դիմաց առաջարկել է ընդամենը մեկուկես տարի, իսկ մանկապիղծի դատապաշտպանը միջնորդել է, որ ամբաստանյալին պայմանական ազատ արձակեն»,- նշել է կազմակերպությունը եւ կոչ արել միանալ ակցիային։