Թայլանդցի ռեժիսոր Ապիչատլոնգա Վիրասետակունի «Քեռի Բունմեն, ով հիշում է իր անցյալ կյանքը» ֆիլմը ճանաչվել է Կաննի 63-րդ կինոփառատոնի հաղթող՝ արժանանալով «Ոսկե արմավենի» մրցանակին, իսկ կինոփառատոնի «Գրան Պրին» ստացել է ֆրանսիացի կինոռեժիսոր Քսավիե Բովուայի «Աստվածներն ու մարդիկ» ֆիլմը։ Մեկ այլ ֆրանսիացի ռեժիսոր՝ Մաթյե Ամալրիկի «Տուրնե» ֆիլմն արժանացել է լավագույն ռեժիսուրայի մրցանակին: Լավագույն սցենարի համար մրցանակը տրվել է հարավկորեացի կինոռեժիսոր Լի Չան Դոնի «Պոեզիա» ֆիլմին: Լավագույն դերասան անվանակարգում մրցանակը հանձնվել է երկու դերասանի` իսպանացի Խավիեր Բարդեմին` մեքսիկացի ռեժիսոր Գոնսալես Ինյարիտուի «Գեղեցկություն» ֆիլմի համար, եւ իտալացի Էլիո Ջերմանոյին` իտալացի Դաբիելլե Լուկետիի «Մեր կյանքը» ֆիլմի համար: Լավագույն դերասանուհու մրցանակին է արժանացել ֆրանսուհի Ջյուլիետ Բինոշը` իրանցի ռեժիսոր Աբբաս Քյառոստամիի «Հավաստի պատճե» ֆիլմում դերակատարման համար։

Ժյուրիի մրցանակին է արժանացել Չադից կինոռեժիսոր Մահամահա Սալեհ Հարունի «Գոռացող մարդը» ֆիլմը: Կարժամետրաժ կինոյի ժանրում Կաննի փառատոնի մրցանակին է արժանացել ֆրանսահայ Սերժ Ավեդիքյանի «Շան պատմությունը» ֆիլմը: Նույն անվանակարգում ժյուրին հատուկ մրցանակ է շնորհել Ֆրիդա Կեմպֆին՝ «Միկկի Բեյդեր» ֆիլմի համար։

Նկատենք, որ Կաննի կինոփառատոնն անցել է ի պաշտպանություն իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի, ով այժմ բանտարկված է՝ Իրանում ընդդիմության հետ կապված լինելու մեղադրանքով։

Իրանցի ռեժիսորը ընտրվել էր նաեւ Կաննի ժյուրիի նախագահ, եւ չնայած այն հանգամանքին, որ Փանահին ձերբակալված էր, կինոփառատոնի կազմակերպիչները կինոփառատոնի ժյուրիի նախագահին չփոխեցին:
Նշենք, որ Կաննի 63-րդ կինափառատոնն ավարտվել է կիրակի՝ մայիսի 23-ին։