Միջազգային կառույցները շատ լավ տեղեկացած են Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին եւ եթե ՀՀ դատախազը, արդարադատության նախարարը, ոստիկանապետը կամ այլ պաշտոնյա հայտարարում են, թե Հայաստանն ամեն ինչ անում է՝ պատժելու խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դեպքերի մեղավորներին, դա դեռեւս չի նշանակում, որ միջազգային կառույցները հալած յուղի տեղ են դնում նրանց ասածները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը, ով, ի թիվս այլ իրավապաշտպանների, հանդիպել է Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակության հետ։
Հայաստան ժամանած Կոմիտեի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ եւ հետաքրքրվել, մասնավորապես, ոստիկանություն հարցաքննության կանչված եւ մահացած Լեւոն Գուլյանի, Վահան Խալաֆյանի մահվան հանգամանքներով: Այս դեպքերի հետ կապված քրեական գործերով Կոմիտեն հետաքրքրվել է նաեւ Հայաստանի գլխավոր դատախազի հետ հանդիպման ընթացքում։ «Երբ այդ հանդիպման ժամանակ գլխավոր դատախազը հայտարարում է, թե ամեն ինչ արվում է խոշտանգման կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնող դեպքերը կանխարգելելու եւ պատժելու ուղղությամբ, դա, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է Սաքունցը։ Նա հավաստիացրել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը ոստիկանության բաժանմունքներում քաղաքացիներին ծեծի, բռնության, խոշտանգման ենթարկելու տասնյակ դեպքերի վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել գլխավոր դատախազությանը, սակայն այսպես էլ քրեական գործ չի հարուցվել։
NEWS.am-ը իրավապաշտպանից հետաքրքրվել է՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանն իրավական առումով կրկին հայտնվել է միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում, ինչո՞վ բացատրել այս ուշադրությունը։ «Հայաստանը սպառել է միջազգային կառույցների կողմից տրված լիմիտը՝ իրավական ոլորտում բարեփումներ անցկացնելու համար»,-արձագանքել է Սաքունցը՝ հավելելով. «Միջազգային կառույցները, որոնք մի քանի բանաձեւեր են ընդունել եւ զեկույցներ հրապարակել Հայաստանի վերաբերյալ, արդեն իսկ համոզվել են, որ Հայաստանի իշխանությունները ոչ միան խելքները գլուխները չեն հավաքում եւ չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, այլեւ իրենց էշն են քշում առաջ։ Օրենսդրական փոփոխություներ են իրականացնում, սակայն դրանք գործնականում չեն կիրառում, մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանները մնում են չբացահայտված, բանտերում են պահվում քաղբանտարկյալները, մամուլի ազատությունը ետընթաց է արձանագրում եւ այլն։ Միջազգային հանրության մոտ արդեն համոզմունք է ձեւավորվել, որ Հայաստանի իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը՝ իրավիճակը փոխելու համար։ Այդ պատճառով էլ կոշտացրել են իրենց դիրքորոշումը»:



























