Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի Քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի մայիսի 22-ի նիստում քննարկվել է Նիկոլ Աղբալյան դպրոցի հարեւանությամբ գտնվող ծառահատված պուրակի խնդիրների մասին հարցը, որը ներկայացրել է Աղայան-19 եւ Տերյան-56 շենքերի բնակիչների իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքների համակարգող Ռուբեն Թորոսյանը: Նիստին մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանը եւ Վազգեն Սաֆարյանը:
Զեկուցողը մանրամասն ներկայացրել է բնակիչների մոտ 5 տարվա դեռեւս շարունակվող պայքարն ընդդեմ Երեւանի քաղաքապետի ապօրինությունների, որը չի քննարկում անգամ իրավասու պետական մարմինների, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները եւ առաջարկությունները:
Նիստին տեղեկատվություն է ներկայացվել նաեւ այն մասին, որ այդ տարածքում, «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի կողմից կառուցված շինության հետեւանքների, այդ թվում՝ բնակիչների իրավունքների խախտման մասին գանգատն, արդեն 4-րդ տարին է, որ գտնվում է Եվրոպական դատարանում:
Նիստի մասնակիցները միաձայն որոշում են ընդունել հարցի քննարկումը շարունակել՝ նրան միացնելով նաեւ Երեւանի ուսանողական այգու խնդրի մասին հարցը՝ մասնագիտական մյուս ենթահանձնաժողովների հետ համատեղ նիստում եւ լրատվամիջոցների մասնակցությամբ: Որոշմամբ նշվել է նաեւ, որ այդ քննարկման նպատակն է նախապատրաստել հիշյալ հարցերի քննարկումը Հանրային խորհրդի առաջիկա նիստի օրակարգ մտցնելու համար: Այս մասին տեղեկացնում է «Բնակիչների իրավունքների պաշտպանության հանձնախումբը»:


























