«Այսօր, երբ ժողովուրդը` ներառյալ մտավորական կոչվածները, դուրս են եկել օտարալեզու կրթության դեմ, փաստորեն, Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշմանն է հետեւում, այսինքն խուլ ու համր է ձեւանում նաեւ գիտության տաճար կոչեցյալը, որն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ կառավարության խորհրդատուն»,- նման հայտարարություն է տարածել ԳԱԱ գիտաշխատող Բագրատ Խերոյանը:
"Որտեղ է հայ ժողովրդի ազգային արժեք հորջորջվող Գիտությունների ազգային ակադեմիան իր լեզվի, գրականության, պատմության, արեւելագիտության, ցեղասպանության եւ վերջապես սոցիոլոգիայի եւ փիլիսոփայության ինստիտուտներով: Որտեղ են Հայաստանի քաղաքացիների հաշվին բարգավաճող եւ իրենց անվանի գիտնական ներկայացնող տիտղոսավորները: Ինչո՞ւ չեն խոսում ազգի սերուցքի տիտղոսին հավակնողները։Թե՞ ՀՀ ԳԱԱ-ն է ՀՀ կառավարության նախաձեռնության հեղինակը որպես պաշտոնական խորհրդատու։ Թե՞ տարիքն առած մարդիք են ու պարզապես վախենում են «երիտնժդեհականից»` օրապահիկից զրկվելու պատճառով։
Իսկ միգուցե դեռեւս չե՞ն կողմնորոշվել: Իսկ չէ որ, ինչպես Հելվեցիոսն է ասում, «Կան ժամանակներ, երբ լռությունը դավաճանություն է»,- նշել է նա:


























