Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 24-ի նիստում հաստատել է հանրապետությունում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով ընտրությունների նախնական արդյունքները:

Այսպես, համամասնական ընտրակարգով 98 519 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 66770-ը կամ 67,8 տոկոսը: 3980 քվեաթերթիկ ճանաչվել են անվավեր: Ընտրությունների ընթացքում խախտումների մասին դիմում-բողոքներ չեն ստացվել:

Ընտրողների ձայները բաժանվել են հետեւյալ կերպ. «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին քվեարկել են 29222 ընտրողներ կամ 46,4 տոկոսը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 18017 մարդ կամ 28,6 տոկոսը: երրորդ տեղում Հայ հեղափոխական դաշնակցությունն է՝ 12 728 ձայնով՝ 20,2 տոկոս: Կոմունիստական կուսակցությունը ստացել է 3,054 ձայն (4,8 տոկոս):

Այսկերպ, ԼՂՀ խորհրդարան են անցել երեք կուսակցություններ, որոնց հաջողվել է հաղթահարել 6 տոկոսի շեմը:

Մեծամասնական ընտրակարգով ընտրվել են 15 պատգամավորներ 16 ընտրատարածքներից: 9-րդ ընտրատարածքում ձայների վերահաշվարկ է կատարվելու:

ԿԸՀ-ն խոստացել է առաջիկա ժամերին հրապարակել վերջնական արդյունքները, եթե դիմում-բողոքներ չստացվեն:

Նշենք, որ պայքարն ընթացել է եւ մեծամասնական (16 տեղ) եւ համամասնական (17 տեղ) ընտրակարգերով: 33 հոգանոց խորհրդարանում 17 մանդատի համար պայքարում են 4 կուսակցություններ. «Ազատ Հայրենիքը» 38 հոգանոց ընտրացուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴ-ն` 17 հոգանոց ցուցակով եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7 հոգանոց ցուցակով: