«Եվրախորհրդարանի „Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտության մասին“ զեկույցը խոչընդոտ է ԵՄ „Արեւելյան գործընկերություն“ քաղաքականությունն իրականացնելու ճանապարհին»,- ելույթ ունենալով մայիս 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Եվրամիության արեւելյան քաղաքականությունը. նոր հնարավորություններ, նոր պատասխանատվություններ» խորհրդաժողովում՝ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամլո դիվանից:
«Եվրանեսթի ԽՎ-ն (EU-Neighbourhood East Parliamentary Assembly) համարվում է Եվրախորհրդարանի եւ 6 գործընկեր երկրների խորհրդարանների միջեւ կամուրջ: Բայց այդ կամուրջն իսկապես վտանգված է: Ինտեգրման գործընթացում կան մի քանի խոչընդոտներ, սակայն ես կնշեմ միայն վերջերս ի հայտ եկած մի խոչընդոտ, որն ամբողջովին խաթարում է „Արեւելյան գործընկերությունը“: Այդ խոչընդոտը „Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտության մասին“ զեկույցն է: Զեկուցողը Եվգենի Կիրիլովն է, որը ներկա է այստեղ:
Զեկույցը հակասում է, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներին, Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ Մայնդորֆյան հռչակագրին, հատկապես՝ վերջերս ընդունված փաստաթղթերին՝ „Արեւելյան գործընկերության“ Պրահայի գագաթնաժողովի համատեղ հայտարարությանը եւ Քեթրին Էշթոնի հայտարարությանը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ ասոցացված անդամության մասին համաձայնագրեր կնքելու բանակցությունների վերաբերյալ:
Պարոն Կիրիլովի զեկույցը սխալ միջամտություն է Մինսկի խմբի ջանքերին, քանի որ այն, հիմնված լինելով Ղարաբաղյան հակամարտության միայն մի կողմի՝ Ադրբեջանի շահերի վրա, պարունակում է ամբողջ տարածաշրջանի կայունությունը խախտելու վտանգ:
Մեր գործընկերներից մեկն ասել է, թե եվրաինտեգրման քաղաքականությունը հիմնականում փողի եւ օժանդակության հարց է: Նկատելի է, որ պարոն Կիրիլովի կողմնակալ զեկույցի վրա մեծապես ազդել են այն շրջանակները, որոնց բոլորովին չեն հետաքրքրում տարածաշրջանի խաղաղությունը, հավասարակշռությունը եւ կայունությունը:
Մեզ համար, սակայն, Եվրոպայի հետ ինտեգրումը միայն փողի հարց չէ: Դա նաեւ մեր հույսերի, հավատարմության եւ ձգտումների հարցն է: Եվ երբ մենք տեսնում ենք անարդար, միակողմանի, չհավասարակշռված մոտեցում, ինչպիսին պարոն Կիրիլովի զեկույցն է, հույսերը հօդս են ցնդում, իսկ ձգտումները՝ մարում»,- հայտարարել է Վ. Հովհաննիսյանը:



























