Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հնարավորության կապակցությամբ, որում նշում է.
«Այսօր հայկական կրթօջախներում օտար լեզվի դասավանդումն իսկապես բավական ցածր մակարդակի վրա է, ինչի հետեւանքով ընդունելության քննություններից առաջ դիմորդները որպես կանոն դիմում են կրկնուսույցի օգնությանը:
Որոշ առարկաների՝ ըստ նախընտրության օտար լեզվով սովորելը միայն եւ միայն օգտակար է աշակերտի կրթվածության եւ զարգացման համար:
Վստահ ենք, որ աշակերտի հոգեկերտվածքի եւ լեզվամտածողության վրա ազդող այնպիսի առարկաները, ինչպիսիք են Հայ գրականությունը, Հայոց պատմությունն ու Հայ Եկեղեցու պատմությունը, պետք է դասավանդվեն միայն եւ միայն հայերենով:
Օտարալեզու դպրոցների բացումն ընդունելի է միայն ավագ դպրոցի մակարդակով՝ ընդունելության քննության եւ պետական խստագույն վերահսկողության դեպքում:
Առկա սոցիալական անարդարության պայմաններում մտահոգիչ է այդ դպրոցների՝ այսպես կոչված „էլիտարի“ վերածվելու հնարավորությունը, ինչն էլ ավելի կխորացնի երկրում առկա արդարության ճգնաժամը:
ՍԴՀԿ „Սարգիս Տխրունի“ միությունը կոչ է անում ՀՀ ԿԳՆ-ին՝ օրինագիծը մշակելիս հաշվի առնել հասարակության բոլոր շահագրգիռ խմբերի կարծիքներն ու այն ՀՀ ԱԺ-ին վերջնական հաստատման ներկայացնել միայն համակողմանի քննարկումից եւ համեմատաբար ընդունելի տարբերակ գտնելուց հետո»:


























