ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրով Նուբարաշենի համար 11 հատուկ դպրոցում որպես կամավոր աշխատած Մարիամ Սուխուդյանը հայտարարել է, որ բացի սեռական ոտնձգություններից, իրենք բարձրացրել էին նաեւ Նուբարաշենի համար 11 հատուկ դպրոցում երեխաների նկատմամբ հարկադրական աշխատանքների, ծեծի, բռնությունների, երեխաների փաստաթղթերի կեղծման (առանց մտավոր խնդիրների երեխաներին գրանցել են որպես մտավոր հետամնացներ) վերաբերյալ հարցեր։

«Այդ հարցերով մենք հետեւողական ենք լինելու եւ դրանք էլ ենք բարձրացնելու։ Իհարկե ամոթ է, որ դա մե՛նք պետք է անենք, ոչ թե իրավապահ մամինները, որովհետեւ ինքը՝ Աշոտյանը, 4 երեխայի ազատեց. նորմալ հանրակրթական դպրոցներում են այժմ սովորում, այսինքն ինքն էլ ընդունեց, որ այդ դպրոցում, չնայած նախատեսված է մտավոր հետամնաց երեխաների համար, սովորում էին նաեւ առանց խնդիրների երեխաներ։ Եթե իրենք դա չեն անում, շատ ահավոր է, բայց երեւի էլի կամավորների եւ քաղաքացիների վրա է այս հարցը մնում։ Չեմ ուզում՝ այսպես լքված ու անտեր լինի, բայց այդպես է ստացվում»,-ասել է Մ. Սուխուդյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 24-ին 2 տարվա ազատազրկման դատապարտեց Նուբարաշենի համար 11 հատուկ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանին։ Դատարանն ապացուցված է համարել, որ նա 2006-2008թթ. անչափահաս աշակերտուհիների նկատմամբ բռնի անառակաբարո գործողություններ է կատարել։