Էկվադորի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրի քրեակատարողական համակարգում՝ բանտում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 116 մարդ, վիրավորվել՝ 80-ը: Իշխանությունների կարծիքով, սա երկրի պատմության մեջ բանտերի վատթարագույն արյունահեղությունն է, հաղորդում է AP-ն:

Պաշտոնատար անձինք հայտնել են, որ սպանվածներից առնվազն հինգը գլխատված են եղել:

Նախագահ Գիլերմո Լասսոն արտակարգ դրություն է հայտարարել, ինչը կառավարությանը լիազորություններ կտա, այդ թվում՝ ոստիկաններին եւ զինվորներին բանտերում տեղավորելու: Հրամանը ստորագրվել է Գուայակիլի «Լիտորալ» բանտում արյունահեղության հաջորդ օրը:

«Ցավալի է, որ հանցավոր խմբավորումները բանտերը վերածում են իշխանության հետ վեճերի տարածքի»,- ասել է Լասսոն՝ հավելելով, որ ինքը «բացարձակ վճռականությամբ» կգործի՝ «Լիտորալ» բանտի վրա վերահսկողությունը վերականգնելու եւ այլ բանտերում բռնության տարածումը կանխելու համար: