Միչիգանի բնակիչը մահացել է՝ 45 000 դոլար շահած վիճակախաղի տոմսը դրամապանակում։

Իշխանությունները կարծում են, որ Գրեգ Ջարվիսը իր նավակով խեղդվել է դժբախտ պատահարի հետեւանքով։ Նրա մարմինը հայտնաբերվել է Սագինո Բեյ լողափին, WJRT-TV-ին տեղեկացրել է Քեյսվիլի ոստիկանապետ Քայլ Ռոմզեկը։

57-ամյա Ջարվիսը Քեյսվիլի Blue Water Inn հյուրանոցում է եղել սեպտեմբերի 13-ին, երբ շահել էր 45 000 դոլար Club Keno վիճակախաղով։ Բայց Ջարվիսը չի կարողացել անմիջապես վերցնել շահած գումարը, որովհետեւ սոցիալական ապահովագրության քարտ չուներ, որն անհրաժեշտ է մրցանակը ստանալու համար։

Վերջին անգամ Ջարվիսին տեսել են բարում՝ ընկերների համար ըմպելիք գնելիս, նա դեռ սպասում էր քարտին եւ իր փողերը չէր ստացել։

«Մենք կարծում ենք, որ նա կապել է իր նավակը, սայթաքել, ընկել եւ հարվածել գլուխը՝ այդ կերպ հայտնվելով ջրում»,- ասել են ոստիկանությունում։ Շահած տոմսը փոխանցվել է Ջարվիսի ընտանիքին։