Գյումրիում բնակարանների բաշխման հերթական` 5-րդ վիճակահանությունը կայանալու է վաղը` մայիսի 26-ին, ժամը 13-ին, դրամատիկական թատրոնի դահլիճում:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Շիրակ կենտրոն» կազմակերպությունից, աղետի գոտում բնակարանային շինարարության 2009-2010թթ. փուլում, Գյումրիի Մուշ-2 թաղամասում կառուցված 1056 բնակարաններից վաղը կայանալիք վիճակահանությանը բաշխվելու են մեկ սենյականոց 40, երկու սենյականոց 32 եւ երեք սենյականոց 72 բնակարաններ:

Նշենք, որ նախորդ 4 վիճակահանություններին բաշխվել են 622 բնակարան:

Բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ, ընտանիքում 1-ին կարգի հաշմանդամ ունեցող անօթեւանների համար իրենց ցանկությամբ կկատարվի առանձին վիճակահանություն` նորակառույց շենքերի առաջին հարկերի բնակարանների համար:

ՀՀ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանի հավաստիացումներով՝ բնակարանաշինության այս փուլում բնակարան ստացած գյումրեցի 1056 անօթեւանները բնակարանամուտ կկարողանան տոնել մինչեւ հաջորդ ամսվա վերջ: