Ֆրանսիայում բացել են Պեպենոտ անունով սերիական մոլագարի աղմկահարույց գործը: 35 տարի անց հանցագործը բացահայտել է իր ինքնությունը եւ ինքնասպան եղել: Այս մասին գրում է Le Parisien-ը:

Բռնաբարողն ու մարդասպանը, ում փնտրում էին ավելի քան 30 տարի, պարզվել է, 59-ամյա նախկին ժանդարմ Ֆրանսուա Վերովեն է: Նա բնակվում էր երկրի հարավում գտնվող Գար դեպարտամենտի առողջարանային Գրո-դյու-Ռուա քաղաքում, որտեղ էլ ինքնասպան է եղել: Մահվանից առաջ գրած երկտողում տղամարդը խոստովանել է, որ հենց ինքն է այն հանցագործը, որը 1980-1990 թվականներին կատարել է մի շարք բռնաբարություններ եւ սպանություններ:

Դատաբժշկական փորձաքննությունը մահացածի մատնահետքերը համեմատել է հանցագործության վայրերում հայտնաբերվածների հետ եւ հաստատել, որ իրավապահ մարմինների նախկին աշխատակիցն իսկապես սերիական մարդասպանն է: Նա կասկածվում էր 1986-1994 թվականների ընթացքում առնվազն երեք սպանության եւ վեց բռնաբարության մեջ:

Առաջին հանցագործությունը Պեպենոտը կատարել էր 1986 թվականին՝ Փարիզում: Այն ժամանակ նա 11-ամյա աղջկա էր խեղդել ու բռնաբարել: