Թբիլիսիի բնակարանի սեփականատիրոջը, որում թաքնվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է Վրաստանի Գլխավոր դատախազությունը:
Քննության շրջանակում, որը վարում է Վրաստանի ՆԳՆ-ն, հաստատվել է, որ բերման գիտեր, որ Սաակաշվիլին հետախուզվում է հայրենիքում ծանր հանցագործություններ կատարելու համար, եւ չնայած դրան՝ 2021 թվականի սեպտեմբերի 3ին նա տրամադրել է բնակարանը թաքնվելու նպատակով, հաղորդում է «Sputnik-Գրուզիա»-ն:
Այդ բնակարանում հոկտեմբերի 1-ին հայտնաբերվել էր Միխայիլ Սաակաշվիլին:
Նույն օրը բերման էր ենթարկվել նաեւ բնակարանի սեփականատերը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործության մասին չհաղորդելու հոդվածի հատկանիշներով, ինչը պատժվում է 1-4 տարի ազատազրկմամբ:
Վրաստանի երրորդ նախագահը բերման էր ենթարկվել Թբիլիսիի բնակելի թաղամասերից մեկում հոկտեմբերի 1-ի երեկոյան: Պետական սահմանն ապօրինի հատելու համար նրան դեռեւս մեղադրանք չի առաջադրվել:
Սաակաշվիլին մեղադրվում է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության եւ պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու մեջ: Գործերից մեկով նա դատապարտված է երեք, մյուսով՝ վեց տարվա ազատազրկման: Բացի այդ, Սաակաշվիլին համարվում է ներգրավված 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու մասին գործով, «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակվելու եւ պետբյուջեից միջոցները վատնելու գործերում, որոնք քննում է դատարանը, իսկ վճիռները դեռեւս կայացված չեն:





























