Անհայտ մեկը կիրակի օրը ներկ է լցրել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի (որի մահը անցած տարվա մայիսին հանգեցրեց զանգվածային ցույցերի ոստիկանության դաժանությունների դեմ)՝ Նյու Յորքի Յունիոն սքվեր հրապարակում տեղադրված կիսանդրու վրա, տեղեկացրել է New York Post թերթը։
Պարբերականի տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10։00-ին, երբ անհայտ մեկը սքեյթբորդով մոտեցել է Ֆլոյդի կիսանդրուն, որը տեղադրվել էր ConfrontArt կազմակերպության կողմից, գորշ ներկ լցրել ու փախել։ Իրավախախտումը տեսագրվել է տեսահսկման խցիկով, ոստիկանությունը զբաղվում է կասկածյալի որոնումներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես երեւում է պատահարի վայրում նկարահանված կադրերից, ConfrontArt-ի ակտիվիստները փորձում են մաքրել ներկը եւ կիսանդրուն վերադարձնել նախկին տեսքը։ Հրապարակում տեղադրված մյուս երկու աֆրոամերիկացիների՝ Բրիոնա Թեյլորի (որն սպանվել էր մարտին ոստիկանական շուրջկալի ժամանակ) եւ կոնգրեսական Ջոն Լյուիսի (մահացել է անցած տարի) արձանները չեն տուժել։
Սա վանդալիզմի առաջին դեպքը չէ Ջորջ Ֆլոյդին նվիրված հուշարձանների հանդեպ։ Հունիսի վերջին անհայտ անձանց խումբը Նյու Յորքում ներկով այդպիսի արձաններից մեկի վրա գրել էր ամերիկյան կազմակերպության անվանումը, որը միավորում է սպիտակ ցեղի գերազանցության կողմնակիցներին։
2020թ. մայիսին ոստիկանները Մինեապոլիսում (Մինեսոթա նահանգ) Ֆլոյդին ձերբակալելու ժամանակ նրան խեղդամահ անելու հնարք են կիրառել։ Դրանից շատ չանցած աֆրոամերիկացին մահացել է հիվանդանոցում։ Դրան հաջորդել են զանգվածային բողոքի ցույցեր սեւամորթների հանդեպ իշխանությունների դաժանության դեմ։ Ցույցերն ուղեկցվում էին իրավապահների հետ բախումներով, կողոպուտի եւ վանդալիզմի բազմաթիվ դեպքերով։





























