NEWS.am-ը շարունակում է շարքը Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ վերականգնելով իրադարձությունների պաշտոնական եւ իրական ժամանակագրությունը՝ օր առ օր։ Շատ իրադարձություններ մնացել են ստվերում, շատ տեղեկություններ վստահաբար գաղտնիացվել են կամ թաքցվել, պատերազմի ընթացքում, առավել եւս աղետին հաջորդող ամիսներին կուտակվել են բազմաթիվ հարցականներ, որոնց գերակշիռ մեծամասնության պատասխանները մինչեւ օրս չեն հնչել. ինչու եւ ինչպես ընկավ Շուշին, ինչու էին իրարամերժ ճակատից ստացվող եւ պաշտոնական տեղեկությունները, ինչու էր վարչապետը հարցազրույցի ընթացքում վստահորեն պնդում, թե այդ պահին հայկական ուժերն անցել են հակահարձակման եւ ջարդում են հակառակորդի բանակի ողնաշարը, սակայն հետո պարզվեց, որ հարավային ուղղությամբ այդ գործողությունն էր հենց հետագա ռազմական անհաջողությունների գլխավոր պատճառը, եւ, իհարկե, ինչպես եղավ, որ պաշտոնական մակարդակով մինչեւ վերջին օրը պատերազմն իշխանությունը վարում էր «Հաղթելու ենք» խոստում-կարգախոսի ներքո, եւ Շուշիի անկման ցնցումից ուշքի չեկած հանրությանը ժամեր անց ներկայացվեց պարտությունն արձանագրող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։
44-օրյա պատերազմ.
Օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
Կեսգիշերին տեսանյութ տարածվեց, որտեղ Արայիկ Հարությունյանը հայտարարում էր, որ ցանկանում է այցելել Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն եւ հատուկ արարողակարգով հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան Արցախի հերոսի կոչման արժանացած 5 զինծառայողի։ Կոչումները նա շնորհել էր հոկտեմբերի 3-ին։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։
«Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի եւ Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»։
Խաղաղ բնակավայրերը թիրախավորելու Ադրբեջանի հանցավոր գործելակերպի դեմ դարձյալ բողոքի ձայն բարձրացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս ամենը վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին: Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացնում են թիրախային հարձակումներ: Ակնհայտ է, որ առանց տարբերակման հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ»,– ասված էր նրա հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ մարտի դաշտում հաջողության չհասնելով, Ադրբեջանը դիմում է սադրանքների եւ ապատեղեկատվություն տարածում․
«Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության եւ կեղծիքների արշավով: Անկարող լինելով ռազմաճակատում հասնելու որեւէ հաջողության՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երեւակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրեւ թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում: Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետեւանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, եւ լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին: Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից»։
Առավոտյան Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերվա ընթացքում և առավոտյան արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են:
Հայտարարություն տարածեց նաեւ Արցախի ՊԲ-ն․
«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ: ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը»։
Կարճ ժամանակ հետո ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառում արեց․
«Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին»։
Քիչ անց ՊՆ խոսնակը գրեց, որ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։
«Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»,- հավելել է նա:
Ի դեպ, ՊՆ-ի հրապարակած տվյալներով՝ հոկտեմբերի 4-ի դրությամբ հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհված և 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 14 մարդ։
Հիշեցնենք, որ 2021թ․ սեպտեմբերի 27-ին ԵԽԽՎ ընդունած բանաձեւում նշված էր, որ ամբողջ պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3900, ադրբեջանական կողմից՝ 2900 զինծառայող, իսկ պատերազմի 9-րդ օրը ՀՀ ՊՆ տվյալով արդեն սպանվել էր 3145 ադրբեջանցի զինծառայող, իսկ հայկական կողմից՝ 209, երբ օրական էր զոհվում 100 զինծառայող։
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրեց, որ թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։
«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն, ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։ Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,– գրել էր նա:
«Իզվեստիան» գրեց, որ Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո մեկ շաբաթ է անցել, բայց հակամարտության էսկալացիան չի նվազեցնում շրջապտույտը, եւ առայժմ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ բանակցություններին։
«Ո՛չ Բաքուն, ո՛չ Երեւանը որեւէ իրական քայլ չեն կատարել առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների ուղղությամբ, ինչպես պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան»,– գրեց ռուսական պարբերականը։
ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Իզվեստիային» ասել էր․
«Մենք ստիպած ենք ամեն վայրկյան կասեցնել հակառակորդի հարձակումները։ Եկեք խաղաղապահների եւ այլ ասպեկտների մասին խոսենք այն բանից հետո, երբ կկոտրենք այդ ահաբեկչության ողնաշարը՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի»։
Այսինքն, երկրորդելով ՀՀ իշխանությանը, Արցախի պաշտոնյան եւս համարում էր, որ բանակցությունները հնարավոր են միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի «ողնաշարը կոտրելուց հետո», ինչը նա եւս հնարավոր էր համարում, թեեւ շատ ավելի լավ գիտեր ճակատում տիրող դրության մասին, քան Հայաստանի հանրությունը։
Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 4-ից երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա: Փակ են նաև Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաեւ Բոստոնում, ԱՄՆ այլ քաղաքներում, Մոնրեալում, Բուխարեստում։
Հիշեցնենք, որ, ըստ նախկին դեսպան Միքայել Մինասյանի, Սփյուռքում փողոցներ փակելու գաղափարը Ն․Փաշինյանինն էր։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ճեպազրույցում հայտարարում էր, թե պետք է հնարավորինս մեծ գումար հավաքել․
«Սա արդեն համազգային դրամահավաք չէ, սա վերածվել է համազգային, համահայկական, գլոբալ մեծ շարժման, որովհետեւ մարդիկ աշխարհի գրեթե բոլոր համայնքներում օգնություն, գումարներ են ուղարկում: Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի կարողանանք հաջողություններ ունենալ առաջնագծում: Առամց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան, ուստի խնդրում եմ բոլորին հնարավորինս ակտիվ լինենք: Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք։ Այս գումարները մեր թիկունքի ամրապնդման համար են, մեր հաղթանակի համար են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ աշխարհի հայերը հանգանակել են 175 միլիոն դոլար, որից 100 միլիոնը փոխանցվել է պետբյուջե, մնացած 75 միլիոնի ծախսման վերաբերյալ մանրակրկիտ հաշվետվություն չի ներկայացվել, մամուլում շրջանառվեց նաեւ դրանից 7 միլիոն դոլարով իշխող խմբակցության պատգամավորների մասնակցությամբ կասկածելի գործարքի պատմությունը։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ՀՀ-ից Ադրբեջանի տարածքը ռմբակոծելու Բաքվի տարածած լուրը, որին կից նաեւ տեսանյութ էր հրապարակվել․
«Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է: Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որեւէ բան չի հաստատում, թե դա որտեղից է կիրառվում հրթիռային հարձակումները: Դեռ հարց է՝ դա Հայաստանի հատվածից է, Արցախից, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է տեսանյութը: Մի ուշագրավ բան նկատենք. Շատ հաճախ Արցախի այս կամ այն շրջաններ ուղղակի կամ անուղղակի ճանաչվում են որպես Հայաստանի մաս: Արդեն որերորդ անգամ այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում»,- ասում էր նա:
Պետական գերատեսչությունները շարունակում էին իրենց աշխատակից կամավորներին ճակատ ճանապարհելու միջոցառումները․ քրեակատարողական ծառայության կամավորական համահավաք վաշտին ռազմաճակատ են ճանապարհել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը։ Նրանք նաեւ ճառեր են արտասանել։
Հիշեցնենք, պատերազմի 3-րդ օրը, ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի պնդմամբ՝ Ն․Փաշինյանի որոշմամբ, կասեցվել է ԶՈւ լրահամալրումը, նաեւ մոբիլիզացիա չի հայտարարվել, հնչել են կամավոր ռազմաճակատ մեկնելու կոչեր։
Հերթական գրառման մեջ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում սեփական վանդալիզմը քողարկելու նպատակով։
«Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»:
Վահրամ Պողոսյանը տեղեկացրեց, որ Արցախի նախագահը նորից առաջնագծում է եղել։
«Հանրապետության նախագահը վաղ առավոտից կրկին առաջնագծում է եղել: Քիչ առաջ է վերադարձել եւ րոպեներ անց Ֆեյսբուքով կանդրադառնա իրավիճակին»,- գրել էր նա։
Իսկապես, րոպեներ անց Արցախի նախագահը հայտարարեց, որ վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թեւում:
«Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլեւ շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ»,- գրել էր Արայիկ Հարությունյանը։
Արցախի Պաշտպանության բանակը հրապարակեց եւս 21 զոհվածների անունները:
Արցախի նախագահի մամուլի խոսնակի հերթական ոգեւորիչ գրառումը․
«Պատասխան հուժկու հարվածները հասցվել են արդեն. թիրախները հաջողությամբ խոցված են»:
Ինչ թիրախներ են հուժկու հարվածներով խոցվել՝ Վահրամ Պողոսյանը չէր մանրամասնել։
Վահրամ Պողոսյանը հաջորդ գրառումից կարելի էր տպավորություն ստանալ, որ Ադրբեջանում համապետական խուճապ է․
«Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի երեկվա հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու եւ թիկունքային այլ բնակավայրեր: Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»,- գրել էր Արցախի նախագահի խոսնակը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պարզաբանելով, թե ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում հակամարտության սկզբից 3 անգամ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց ոչ մի անգամ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էրդողանի եւ Ալիեւի, ասել է․
«Դա կախված է նախագահների աշխատանքային ժամանակացույցից եւ նպատակահարմարությունից։ Գիտեք, որ դա ամենեւին չի նշանակում, որ ռուսական կողմը աշխատանքային շփումների որեւիցե դեֆիցիտ ունի»։ Ըստ նրա՝ Վլադիմիր Պուտինը դեռ հստակ ծրագրեր չունի՝ կապված ԼՂ թեմայի շուրջ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ բանակցություններ անցկացնելու հետ:
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է մշտական շփման մեջ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի իր գործընկերների հետ։
Պեսկովն ասել էր, թե տեղյակ չէ այն լուրից, ըստ որի Երեւանում իբր վայրէջք է կատարել «Ռոսիա» հատուկ թռիչքային ջոկատի օդանավը։ Հիշեցնենք, որ Hetq.am-ն էր գրել, որ Երեւանում վահրէջք է կատարել ՌԴ կառավարական Իլ-96 օդանավը։
Չինական Caixin Media գործակալության հետ հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ պատերազմի պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք եւ ոչ միայն ճանաչի, այլեւ բացեիբաց աջակցություն ցուցաբերի Արցախին: (Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն այդ քայլին այդպես էլ չգնաց՝ NEWS.am):
ՀՀ նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ «կարող ենք վերադառնալ Մինսկի խմբին, երբ հեռացնենք Թուրքիային, երբ թուրքական բանակը հեռանա այդտեղից»: (Հետեւաբար՝ եթե Թուրքիան չհեռանա, Մինսկի խմբին չենք վերադառնա՝ NEWS.am):
«Թուրքիան իր զինուժը տեղակայել է էներգետիկ խողովակաշարի մոտ՝ հայտարարելով, թե սպառնալիք կա Լեռնային Ղարաբաղի կողմից: Սա մեկ այլ անհեթեթություն է, քանի որ եթե ԼՂ-ն կամ հայերը մտադրություն ունենային այն ռմբահարելու, դա կանեին 20 տարի առաջ, երբ խողովակաշարը դեռ նոր էր կառուցվում»: (Նախ՝ ՀՀ-ն այդպես էլ չճանաչեց Արցախը, բացի այդ, փաստացի Ա․Սարգսյանը մերժում է օրհասական պատերազմի մեջ գտնվող Արցախից խողովակաշարի ռմբակոծման հավանականությունը, ինչո՞ւ՝ հայտնի չէ՝ NEWS.am)։
Ղարաբաղյան պատերազմում խորապատկերում էներգետիկ ոլորտի համար մտահոգություն հայտնեց ՆԱՏՕ-ն։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն աշխատանքային այցով այդ օրն Անկարայում էր, ասել էր․
«Մեզ շատ է մտահոգում ԼՂ-ում իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում: Այդ հակամարտությունը ռիսկեր է պարունակում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկայի: Դա շատ վտանգավոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի, այդ թվում նաեւ դաշինքի անդամների համար: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատրեազմն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակն օրվա ընթացում շարունակում էր հաղթական գրառումները․
«Շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը»,- պնդում էր Վահրամ Պողոսյանը:
Առանց մեկնաբանության։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆեյսբուքյան եթերով, վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրվածներին «հրավիրեց կենտրոնական հավաքակայան»: Սա այն հայտնի «լայվն» էր, որտեղ վարչապետը կոչ էր անում տնից կամ ծանոթներից զրահաբաճկոն ու սաղավարտ վերցնել, նաեւ զորացրվածների թիվ էր հրապարակում, որը ռազմական գաղտնիք է։
«Ես իմ ուղերձում նշեցի, որ որոշ տեղերում ընթանում են ծանր մարտեր, որոշ տեղերում Արցախի ՊԲ-ն վստահ կերպով վերահսկում է իրավիճակը, որոշ տեղերում վիճակը բավականին ծանր է, եւ ես չեմ ուզում սա որեւէ կերպ թաքցնել: Ես այս ուղերձով ուզում եմ դիմել վերջին մեկ տարում ժամկետային զինծառայությունն ավարտած, զորացրված մեր զինվորներին: Ինչու հենց նրանց. խնդիրն այն է, որ ՀՀ-ում ռազմական դրություն է հայտարարված եւ մարդիկ կանչվում են զորակոչի: Խնդիրն այն է, որ վերջին մեկ տարում ծառայությունն ավարտածները իրենք ենթակա չեն զորակոչի: Գործնականում նրանք ամենամարտունակ մեր մոբիլիզացիոն ռեսուրսն են: Հայրենիքն այսօր ունի նրանց կարիքը: Սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարց է, այլ Ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն է: Այսօր մենք պետք է մեր ժողովրդին պաշտպանենք Ցեղասպանությունից: Եթե մենք ոտքի չկանգնենք, բոլորվս ենթարկվելու ենք Ցեղասպանության: Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք չեն հրավիրվում մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու: Ուզում եմ ասել, որ նրանք, որոնք դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան այդ հագուստներով եւ անհրաժեշտ փաստաթղթերով: Ուզում եմ ընդգծել, որ քանի որ այս հատվածի համար մոբիլիզիացիոն պլան նախատեսված չի եղել, այսինքն պետությունը նապատեսած չի եղել այդ հատվածին մեր տղաների զինվորագրել, եւ հիմա ես խնդրում եմ նրանց կամավոր դա անել, ես խնդրում եմ նաեւ նրանց, եթե ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, խնդրում եմ դա որեւէ ձեւով ուղարկել եւ կենտրոնացնել կենտրոնական հավաքակայանում:
Ինչպես ասել եմ, սա մի նոր Սարդարապատ է եւ մենք կողք-կողքի, ուս-ուսի պետք է կանգնենք, հակառակորդի ողնաշարը ջարդենք, պետք է հաղթենք: Ի միջիայլոց, այդպիսի 10 հազար տղա կա Հայաստանում, եւ եթե այդ 10 հազարից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը:
Իմիջիայլոց, ձեզնից էլ կձեւավորվեն որոշակի հրամանատարական օղակներ: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք այդ կենաց-մահու կռիվը տալ եւ հաղթանակն ապահովել այս պատերազմում»,– ասել էր Ն․Փաշինյանը:
Վահրամ Պողոսյանի հերթական գրառման մեջ նկատելի էին առաջին նախանշանները, որ ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու, ինչպես ինքն էր խոստանում, ծրագրերը չեն իրականացվում, հակառակը։ Սակայն, դրանից հաղթական տոնայնությունը չէր պակասել․
«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։
Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, եւ հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,- գրել էր Արցախի նախագահի խոսնակը։
Մամուլը գրեց, որ Արցախից Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է Երևան, որտեղ վաղը կարևոր հանդիպում ունի: Մտերիմներին ՀՀ երկրորդ նախագահն ասել էր, որ հանդիպումից հետո նորից կվերադառնա Արցախ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռ.Քոչարյանը առաջարկներ է ներկայացրել Արցախի իշխանություններին՝ պատերազմում բեկում մտցնելու նպատակով, սակայն դրանք չեն ընդունվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Ֆեյսբուքում գրեց, թե կենտրոնական հավաքակայանում կամավորագրվեց։
«Համածառայակից ընկերներ ջան, եկել ա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները»,- գրել էր նա։
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հերթական գրառման մեջ եւս ակնարկներ կային նահանջի մասին, որը փոխարինվում էր «խուսավարումներ» բառով․
«Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը։ Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»,- գրել էր նա:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ «Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին» եւ տեսանյութ հրապարակեց, որտեղ նշվում էր, որ մեծաքանակ կորուստները կոծկելու համար եւ ստեղծված պարտվողական իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր հանրության ուշադրությունը շեղել ու սադրել՝ տարածելով կեղծ լուսանկարներ ու տեղեկություններ:
Տեսանյութում ներկայացվում էր Ադրբեջանի նախագահի օգնականի տարածած լուսանկարը, եւ նշվում է, որ նա հայտարարել է, թե ՀՀ տարածքից հրթիռային հարված են հասցրել Մինգեչուրի էներգաբլոկների ուղղությամբ: Հայկական կողմը հերքել է եւ նշել, որ ՀՀ տարածքից որեւէ կրակ չի եղել Ադրբեջանի ուղղությամբ:
Մասնագետները նշում են, որ ՀՀ տարածքից մինչեւ Մինգեչաուր 108 կմ է, ինչը նշանակում է, որ հնարավոր չի ՀՀ տարածքից «Սմերչ» հրթիռային կամակարգով հարվածել Մինգեչաուրին: «Քանի որ ինքը հավասարակշռությունից դուրս է գալիս, մարտական մասն անջատվում է, ինքը չի կարող այսպես ընկնել, խրվել: Սա միայն շարժիչային մասն է»,- ասում էր մասնագետը:
Նիկոլ Փաշինյանը հերթական գրառման մեջ մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող զորակոչվող տղաներին խնդրում էր ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։
«Սիրելի հայրենակիցներ, մարզերից կենտրոնական հավաքակայան գնացող մեր զորակոչվող տղաներին խնդրում եմ ցուցաբերել տրանսպորտային աջակցություն։ Այն տղաները, որոնք իրենց մարզերից Երեւանի հավաքակայան տեղափոխվելու տրանսպորտային խնդիր ունեն, թող հավաքվեն իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։ Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները՝ նույնպես։ Պրոցեսը՝ շուրջօրյա։ Մարզպետարանների եւ քաղաքապետարանների աջակցությամբ»,- գրել էր վարչապետը։
Հարցերի շարք է ծագում. ինչո՞ւ պետությունն ինքը չէր կազմակերպում եւ համակարգում զորակոչվածների տեղափոխումը, զինկոմիսարիատների մոտ հավաքվողները որքա՞ն եւ որտե՞ղ պետք է սպասեն, եթե բավարար չափով տրանսպորտային միջոց ունեցող կամավորներ չհավաքվեն, ի՞նչ է նշանակում «մարզպետների եւ քաղաքապետարանների աջակցությունը», ճանապարհներին քաոս առաջանալու դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու խնդիրը եւ այլն։
Ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղադրեց առաջնագծում կռվող զինվորների լուսանկարներ եւ գրեց․
«Ձեր ցավը տանեմ. դուք հաղթող եք»:
Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը դարձյալ (պաշտոնապես հայտնի՝ 4-րդը) զանգահարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված զինված առճակատման քննարկումը, որը լայնամասշտաբ բնույթ է ստացել և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմերից, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի: Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը»,– նշված էր Կրեմլի հաղորդագրությունում:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հերթական գրառման մեջ էլ ակնարկներ կային նահանջի մասին.
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետեւ, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի»,- գրել է Ստեփանյանը։
Ամփոփելով օրվա մարտերի օպերատիվ տվյալները, Արծրուն Հովհաննիսյանը, երեկոյան հրավիրած ճեպազրույցում հայտարարեց, որ Արցախի հարավային ուղղությամբ օրվա ընթացքում մարտերը բավական թեժ են եղել, բայց մեր կողմից կատարվել է գրագետ խուսավարում եւ հակառակորդին պատճառվել են մեծ կորուստներ։
«Այսօր առավոտյան հարավային ուղղությամբ հակառակորդը նորից ձեռնարկել էր լայնածավալ հարձակման փորձ։ Օրվա ընթացքում նույնիսկ իրենց հաջողությունը փորձեցին հերթական անգամ ամրագրել տեսանյութերով, բայց դա հերթական օրինակն էր, որ փոքրիկ, ժամանակավոր հաջողությունները փորձում են ներկայացնել որպես մեծ հաղթանակներ։ Մեր զորքերը, զորքերի հրամանատարները մարտավարական գրագետ, հնարամիտ խուսավարումներով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել եւ հետ շպրտել։ Հակառակորդը մոտավորապես 200 եւ ավելի զոհ է տվել միայն այսօրվա մարտերի ընթացքում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծմանը հակառակորդի կողմից՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական գործողություններին, սակայն թիրախավորում է զուտ ռազմական օբյեկտները։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները ապատեղեկատվություն են եւ ոչնչով հիմնավորված չեն»,- նշեց նա։
Ի դեպ, հենց այս օրերին (2021թ. հոկտեմբերի սկիզբ) Իլհամ Ալիեւը լուսանկար է հրապարակել Մատաղիսից։ Իսկ անցած տարվա այս օրերին Ա.Հովհաննիսյանը գրում էր. «Մեկդ Իլյուշին ասեք, բա խի՞ Մատաղիս չի այցելում։ Հա, մեկ էլ էն հող պաչողին էլ կարա տանի հետը»։ «Հող պաչող» ասելով, Ա.Հովհաննիսյանը նկատի ուներ Մեհրիբան Ալիեւային։
Օրվա ավարտին Արցախի նախագահի խոսնակի գրառումը, նույնիսկ բուռն երեւակայություն ունենալու դեպքում, հնարավոր չէր համարել ճշմարտության հետ ինչ-որ հեռավոր առնչություն ունեցող։
«Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել»,– գրել էր Վահրամ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Գյանջան Ադրբեջանի երկրորդ քաղաքն է, ունի 345 հազար բնակչություն եւ հնագետներն այն չեն որոնում, քանի որ քաղաքը ոչ մի տեղ չի կորել։ Մինչեւ հիմա էլ հաճախակի է հնչում կարծիքը, որ այդ քաղաքի հրետակոծումն ավելի շատ վնաս տվեց հայկական կողմին, քան օգուտ բերեց։





























