«Առուշ Առուշանյան» դաշինքը Գորիսում քարոզարշավը հիմնականում օնլայն հարթակներում է իրականացնում, որովհետեւ ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանն անազատության մեջ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի նախկին տեղակալ Իրինա Յոլյանը։
«Առուշանյանը բազմաթիվ գործեր ունի Գորիսում իրականացրած, այս պահին էլ մի քանի տասնյակ ծրագրեր զուգահեռաբար իրականացվում են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, անհատական ներդրումների շրջանակներում, նաեւ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում»,- ասաց Յոլյանը։
Իրինա Յոլյանը նշեց՝ բնակիչների հետ առանձին հանդիպումներ նույնպես են տեղի ունենում ։
Նա ասաց, որ դեռ ոչ բոլոր համայնքներ են այցելել. «Դեռ ժամանակ ունենք այցելելու։ Դրական արձագանքներ շատ ենք ստանում, բայց իհարկե ընտրությունների արդյունքները ցույց կտան՝ ինչպիսին է գորիսեցիների տրամադրվածությունը»։
Համայնքապետի նախկին տեղակալն ասաց, որ Առուշանյանի հետ կապ հաստատելն արգելված է նույնիսկ հարազատներին. «Ինձ հասած տեղեկություններով՝ բավականին լավ է տրամադրված, քանի որ այս ամենը ժամանակի հարց է։ Ամեն շինծու գործ ի վերջո պարզաբանվում է, պարզ կլինեն եւ՛ պատվիրատուները, եւ՛ կատարողները։ Ժամանակն ամեն ինչ իր տեղում կդնի»։
Նշենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները:
«Առուշ Առուշանյան» դաշինքի թեկնածուն Գորիսի այժմյան քաղաքապետ Առուշ Առուշանյանն է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Գորիսում Վլադիմիր Աբունցն է
ՀԱԿ-ի համայնքապետի թեկնածուն Կարեն Լազարյանն է:





























