Սինգապուրի իշխող կուսակցությունը հանդես է եկել ներքին քաղաքականության մեջ արտաքին միջամտության կանխարգելմանն ուղղված օրենքի օգտին, ինչը ընդդիմությունը եւ ակտիվիստները քննադատել են որպես այլախոհությունը ճնշելու գործիք, հաղորդել է AP-ն:

Օրենքը իշխանություններին թույլ կտա ստիպել ինտերնետ-պրովայդերներներին եւ սոցիալական ցանցերի հարթակներին օգտատերերի մասին տեղեկատվություն տրամադրել, արգելափակել բովանդակությունը եւ հեռացնել այն հավելվածները, որոնք օգտագործվում են իրենց ընկալմամբ թշնամական բովանդակություն տարածելու համար:  

Արդարադատության եւ ներքին գործերի նախարար Կ. Շանմուգամն ասել է, որ Սինգապուրը խոցելի է դրսից եւ տեղում վստահված անձանց միջոցով «թշնամական տեղեկատվական արշավների» նկատմամբ: «Համացանցը կործանարար գործունեության համար նոր հզոր միջավայր է ստեղծել», - ասել է նա: «Երկրներն ակտիվորեն զարգացնում են հարձակողական եւ պաշտպանական կարողությունները՝ որպես ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերին հավասար եւ ավելի հզոր պատերազմ վարելու միջոց»:

Օրինագիծն ընդունվել է առցանց ապատեղեկատվությանը հակազդելու օրենքի ընդունումից երկու տարի անց, որը քննադատության է ենթարկվել իրավապաշտպան խմբերի եւ տեխնոլոգիական հսկաների կողմից խոսքի ազատությունը սահմանափակելու համար: