Վրաստանը մտադիր չէ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին փոխանցել ուկրաինական կողմին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է փոխվարչապետ, երկրի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարար Թեյա Ծուլուկիանին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Սահակաշվիլին ձերբակալվել էր Թբիլիսիի ծայրամասային թաղամասերից մեկում՝ հոկտեմբերի 1-ի երեկոյան: Նա անօրինական կերպով հատել է սահմանը եւ Ուկրաինայից Վրաստան է ժամանել հոկտեմբերի 2-ին կայանալիք քաղաքային ընտրություններից առաջ:
Ծուլուկիանին, ով Վրաստանի արդարադատության նախարարն էր 2012-2020 թվականներին, հայտարարում է, որ Սահակաշվիլիին Ուկրաինային հանձնելու իրավական հիմքեր չկան:
«Վրաստանից Ուկրաինային արտահանձնումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ մարդը, որի արտահանձնումը պահանջում է մյուս երկիրը, այնտեղ քրեական պատասխանատվության է ենթարկված: Չեմ կարծում, ամեն դեպքում գոնե չգիտեմ, որ Սահակաշվիլին քրեական պատասխանատվության է ենթարկված Ուկրաինայում: Հետեւաբար, արտահանձնման մասին խոսակցությունները իրավական անհեթեթություն են, այսինքն՝ նոնսենս»,- հավելել է նա:
Ծուլուկիանին նաեւ բացառում է, որ Սահակաշվիլին հանձնվի Կիեւին, որպեսզի նա Ուկրաինայում կրի ազատազրկումը, որին նրան դատապարտել է վրացական դատարանը: Ըստ փոխվարչապետի, Վրաստանը դա անելու «ցանկություն չունի»:
«Եթե մենք խոսում ենք Սահակաշվիլիին Ուկրաինային հանձնելու մասին, որպեսզի նա վրացական դատարանի կողմից իր համար վճռված ազատազրկումը Ուկրաինայում կրի, ապա մենք որեւէ ցանկություն չունենք: Դրա համար իրավական նպատակահարմարություն չկա»,- ասել է Ծուլուկիանին:
Հայրենիքում Սահակաշվիլին մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, այդ թվում՝ ներկայացուցչական ծախսերի համար պետական միջոցների յուրացման, ինչպես նաեւ քրեական հանցագործությունների համար մեղավոր անձանց ներում շնորհելու մեջ: Երկու դեպքում էլ նա դատապարտվել է հեռակա կարգով, որը նախատեսում է մինչեւ վեց տարվա ազատազրկում, մնացած գործերը գտնվում են ընթացքի մեջ:
Վերջերս ուկրաինական քաղաքացիություն ունեցող քաղաքական գործիչն ապրում էր Ուկրաինայում, որտեղ նա ղեկավարում էր բարեփոխումների ազգային խորհրդի գործկոմը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ հայտարարել է, որ պատրաստվում է անձամբ եւ երկրի իշխանությունների օգնությամբ զբաղվել Ուկրաինայի ձերբակալված քաղաքացու եւ Վրաստանի նախկին նախագահի վերադարձով: Ավելի ուշ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Սահակաշվիլին միայն իր հայրենիքում ազատազրկման ողջ ժամկետը կրելուց հետո կարող է վերադառնալ Կիեւ:





























