Բրիտանացի բուժքույրը հերքել է ութ նորածնի սպանության եւ տասին սպանելու փորձի մեղադրանքները, հաղորդել է AP-ն:

31-ամյա Լյուսի Լեթբին բանտից տեսաուղերձի միջոցով ներկայացել է Մանչեսթերի թագավորական դատարանում կայացած կարճատեւ լսումներին: Նա իրեն մեղավոր չի ճանաչել 2015 թվականի հունիսից 2016 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում սպանության ութ եւ սպանության փորձի տասը մեղադրանքների համար Չեսթեր կոմսուհու հիվանդանոցում՝ Լիվերպուլից հարավ:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել հիվանդանոցում նորածինների մահվան դեպքերի հետ կապված, իսկ Լեթբիին ձերբակալել եւ մեղադրանք է առաջադրել անցյալ տարի: Նա նախկինում երկու անգամ ձերբակալվել է՝ 2018 եւ 2019 թվականներին, սակայն երկու անգամ գրավի դիմաց ազատ է արձակվել՝ մինչեւ հետաքննության ավարտը:

Ողջ մնացած եւ մահացած երեխաների ինքնությունը, ինչպես նաեւ նրանց ծնողների ինքնությունը դատարանի որոշմամբ գաղտնի են պահվում: