Չիլիացի ընդդիմադիր պատգամավորների խումբը ցանկանում է խորհրդարան ներկայացնել Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերայի իմպիչմենտի հարցը՝ «Պանդորայի գործից» փաստաթղթերի հիման վրա կոռուպցիայի կասկածների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bio Bio-ն:
«Խոսքը դիտավորյալ անփութության մասին է, որը սահմանադրության եւ օրենքների խախտում է, եւ ուստի արժանի է սահմանադրական մեղադրանքի»,- ռադիոկայանը մեջբերում է Չիլիի կոմկուսի պատգամավոր Դանիել Նունեսին: Իմպիչմենտի գործընթացի մեկնարկին կողմ է արտահայտվել նաեւ մի շարք այլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներ:

Չիլիի օրենսդրության համաձայն` իմպիչմենտի հարցը նախ քննարկում է հինգ հոգանոց խորհրդարանական հանձնաժողովը: Եթե խումբը ​​որոշի սահմանադրական մեղադրանք հարուցել, ապա այն ներկայացվում է Պատգամավորների պալատին: Եթե ​​իմպիչմենտի առաջարկը պաշտպանվի ստորին պալատի անդամների մեծամասնության կողմից, այն նույնպես պետք է քվեարկվի Սենատում: Այնտեղ պետության ղեկավարի հրաժարականի համար սահմանադրական մեղադրանքին պետք է կողմ հանդես գան օրենսդիրների երկու երրորդը, սակայն չիլիական ընդդիմությունն այդքան սենատոր չունի առանց իշխանական դաշինքի անդամների աջակցության:

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հոկտեմբերի 3-ին հատվածներ էր հրապարակել «Պանդորայի գործից»: ICIJ-ի անդամ չիլիական Siper ԶԼՄ-ն հոդված է հրապարակել այս փաստաթղթերի հիման վրա, որտեղ նշվում է, որ 2010-ի դեկտեմբերին` Պիներայի առաջին նախագահական ժամկետի օրոք, նրա ընտանիքը 152 մլն դոլարով վաճառել էր իր բաժնեմասը Dominga-ում: Գործարքի մի մասն անցկացվել էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Ըստ պարբերականի` վճարումը բաժանվել էր երեք մասի, որոնցից վերջինի վճարումը կախված էր նրանից` արդյոք կառավարությունն այն տարածքը, որտեղ գտնվում է հանքը, որպես արգելոց կհայտարարի: