Ցինհայ-Տիբեթ գիտահնագիտական ​​արշավախմբի անդամները Տիբեթի Նամցո լճի տարածքն ուսումնասիրելիս ժայռապատկերներ են հայտնաբերել: Մոտակայքում հայտնաբերվել են նաեւ քարե գործիքներ եւ դամբարաններ: Փորձագետների կարծիքով` այս գտածոները կարող են վկայել խորհրդավոր հնագույն քոչվոր քաղաքակրթության մասին, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CGTN-ը:

Արշավախմբի ընթացքում ժայռապատկերների մի ամբողջ կլաստեր է հայտնաբերվել, որը թողել է անհայտ հին քոչվորական մշակույթը Ցինհայ-տիբեթյան բարձրավանդակի հյուսիսում: Պատկերների ուսումնասիրությունն արդեն ցույց է տվել, որ այդ քոչվորները սերտ կապի մեջ են եղել այլ էթնիկ խմբերի հետ. նկատելի մշակութային փոխանակում է տեղի ունեցել:

«Մենք տեսնում ենք, որ շատ քարանձավային պատկերների ոճերը տարրեր են պարունակում, որոնք բնորոշ էին ոչ միայն վաղ տիբեթցիներին, այլեւ` վաղ հանցիներին»,- նշել է ժայռապատկերների ուսումնասիրության միջազգային կենտրոնի տնօրեն, Հեբեյի համալսարանի պրոֆեսոր Թան Հուեյշենը: 

Նա նաեւ հայտնել է, որ չինական տառերի տեսքով գրություններ են հայտնաբերվել: Կան նաեւ քոչվորների եւ Կենտրոնական Ասիայի ժողովուրդների միջեւ շփման վկայություններ:

Թան Հուեյշենի խոսքով` ոճերի խառնումը ցույց է տալիս, որ Նամցո լիճը կարեւոր կետ էր Մետաքսի հնագույն ճանապարհի վրա եւ տարբեր մշակույթներ էր համախմբում:

Արշավախմբի անդամները նաեւ զոհաբերությունների հետքեր են հայտնաբերել: Հնագետները կարծում են, որ այդ ծեսերը կատարել են նույն մարդիկ, ովքեր իրենցից հետո ժայռապատկերներ են թողել: