Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը երկուշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել Օրինջ շրջանում՝ կապված նահանգի ափերին նավթի արտահոսքի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նահանգում քայլեր են ձեռնարկվում բյուրոկրոտական ձեւականությունները վերացնելու եւ հանրային առողջությունն ու շրջակա միջավայրը պաշտպանելու նպատակով առկա բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու համար»,- ասվում է նահանգապետի տարածած հայտարարության մեջ: «Քանի որ Կալիֆոռնիան շարունակում է առաջատար լինել ԱՄՆ-ում հանածո վառելիքից հրաժարվելու եւ կլիմայի փոփոխության ճգնաժամին արձագանքելու հարցում, այս միջադեպը հիշեցում է այն մասին, թե որքան թանկ է նստում հանածո վառելիքը մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա»:
Անցյալ կիրակի օրը Օրինջ շրջանի ափերի մոտ նավթի խոշոր արտահոսք է գրանցվել, որն, ըստ CNN-ի, տեղի է ունեցել Amplify Energy ընկերության նավթատարի վթարի հետեւանքով: Ենթադրվում է, որ ավելի քան 3000 բարել նավթ է թափվել ափամերձ ջրեր: Ըստ շրջանի ներկայացուցիչ Քեթրին Ֆոուլիի, արտահոսքն արդեն հանգեցրել է բազմաթիվ թռչունների եւ ձկների մահվան: ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը մասնագետներ է ուղարկել միջադեպը հետաքննելու համար: Որպես նախազգուշական միջոց՝ իշխանությունները չեղյալ են հայտարարել շաբաթվա վերջին նախատեսված ավիաշոուն, իսկ տեղի բնակիչներին խորհուրդ են տվել խուսափել էկոլոգիական աղետի գոտուց:
Ներդրված արտակարգ դրության համաձայն, իշխանությունները համակարգում են բոլոր արտակարգ իրավիճակների ծառայությունների եւ ԱՄՆ առափնյա պահպանության ջանքերը` նվազագույնի հասցնելու նավթի արտահոսքի բացասական հետեւանքները, որոնց նյութական վնասը դեռ գնահատվում է:





























