Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի շուրջ, Կրեմլը «աբսուրդի թատրոն» է անվանել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ վրացի քաղաքական գործիչը նամակ էր գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որում հայտարարել էր, որ ինքը «Վլադիմիր Պուտինի անձնական բանտարկյալն է»: Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ Բաթում ժամանելուց հետո: Սահակաշվիլին հետախուզման մեջ էր, նրա դեմ քրեական գործեր էին հարուցվել: Արդյունքում քաղաքական գործիչը հայտնվել է Ռուսթավիի բանտում:
«Մենք, հավանաբար, պարոն Սահակաշվիլիի հետ կապված ոչինչ չենք մեկնաբանի, քանի որ այս ամենը աբսուրդի թատրոն է», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան Սահակաշվիլիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելու խնդրանքին:





























