2009-2018 թվականների ընթացքում Համաշխարհային օվկիանոսը կորցրել է կորալների մոտ 14 տոկոսը, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Մարջանային խութերի մոնիթորինգի գլոբալ ցանցում հրապարակված զեկույցին:
Գիտնականները վերլուծել են մարջանային խութերի վիճակը եւ պարզել, որ տասը տարուց պակաս ժամանակում աշխարհը կորցրել է 11 700 քառակուսի մետր մարջան՝ ավելին, քան Ավստրալիայի բոլոր կենդանի խութերի տարածքը: Զեկույցում ներկայացված են 40 տարվա ընթացքում 73 երկրների 300 մասնագետների հավաքած տվյալները:
Գիտնականները մարջանների զանգվածային կորուստը կապում են ջրի ջերմաստիճանի բարձրացման հետեւանքով գունաթափման հետ: 1998-ին նման գունաթափումը հանգեցրել է բոլոր մարջանների 8 տոկոսի (մոտ 6,5 հազար քառակուսի մետր) ոչնչացմանը, ինչը ամենամեծ բացասական ազդեցությունն է ունեցել Հնդկական օվկիանոսում, Ճապոնիայում եւ Կարիբյան ծովում գտնվող խութերի վրա:
Փորձագետներն ահազանգում են՝ ասելով, որ կլիմայի փոփոխությունը հսկայական վտանգ է ներկայացնում մարջանների պահպանության համար: Բայց հրապարակված զեկույցում կան նաեւ հուսադրող տվյալներ՝ գիտնականները պարզել են, որ շատ խութերը կարողացել են դիմանալ արտաքին բացասական ազդեցություններին եւ ճիշտ պայմանների դեպքում պահպանել վերականգնման ներուժը:
Մարջանային խութերը ծածկում են օվկիանոսի հատակի ընդամենը 0,2 տոկոսը, բայց դրանցում ապրում է բոլոր ծովային բնակիչների առնվազն քառորդ մասը: Բացի ջրի ջերմաստիճանի բարձրացումից, մարջանների մահը կապում են անվերահսկելի ձկնորսության, ափերի անկայուն զարգացման եւ ջրի որակի վատթարացման հետ:





























